Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:
Համատեղ աղոթքից հետո, ելույթներ ունեցան դեսպան Արմեն Պապիկյանը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը և տկն․ Գուդրուն Քուգլերը։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ առաջադեմ երկրների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը։ Նա նաև ընդգծեց ժխտողականության անընդունելիությունը, հատկապես ցեղասպանությունների կանխարգելման և ապագայում դրանց կրկնության բացառման համատեքստում։
Միջոցառմանը երաժշտական և ասմունքային կատարումներով հանդես եկան Ավստրիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության և «Հովհաննես Շիրազ» հայկական դպրոցի սաները:
Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ: