Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում Դավիթ Սանասարյանը գրել էր, թե «իրականում անհանգստանալու բան կա, բայց դա իրեն չի վերաբերում»:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը մասնակցում էր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին, ՊՎԾ աշխատակիցների գործով կառույցի պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունը ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց:
«Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների առնչությամբ քրեական գործ է քննվում, նաև` աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվել: Այդ գործով նախաքննությունը շարունակվում է, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում: Թույլ տվեք այդ հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում այդ մասին հանրությանը համապարփակ տեղեկություն տրամադրել»,- ասաց նա:
Հակադարձմանը` փաստորեն, ո'չ հերքում եք, ո'չ հաստատում, գլխավոր դատախազն արձագանքեց. «Ես չեմ սիրում այդ արտահայտությունը՝ ո'չ հերքում, ո'չ հաստատում: Ես ասում եմ, որ այս պահին ավելին չեմ կարող ասել: Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենաք, որովհետև նախաքննության շահն է դա պահանջում, բայց անհրաժեշտ պահին, իսկ դա ուշ չի լինի, հանրությանը մենք համապարփակ տեղեկություն կտանք՝ հաշվի առնելով հարցի հնչեղությունը»: