ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ ասելով, որ հանրապետությունում արդեն սկսված է բույսերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկը՝ հակահրդեհային պաշտպանության աշխատանքները:
Այդ աշխատանքների հիմնական ուղղվածությունը կանխարգելիչ միջոցառումներն են: Դրան հաջորդելու է հակահրդեհային պաշտպանության փուլը, որը ենթադրում է գյուղատնտեսական ակտիվ տարածքներում ավելի քան 20 հրշեջ-փրկարարական կետերի տեղադրում և հրդեհի դեպքում արագ արձագանքի համար շուրջօրյա հերթապահություն:
Ըստ Ժ. Միրզոյանի՝ հակահրդեհային պաշտպանությունը միջգերատեսչական բնույթի միջոցառում է, որում ընդգրկված են և ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը, և՛ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, և՛ ԱՀ շրջանների վարչակազմերը, ինչպես նաև համայնքները:
«Ներկայումս իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումների ծրագիր, որը քիմիական եղանակով պայքար է դաշտամիջյան ճանապարհների եզրերին պաշտպանիչ շերտեր ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում քիմիական պայքար է ծավալվելու շուրջ 1600 հա-ի վրա»,-ավելացրել է Ժ. Միրզոյանը:
Նախարարը ոլորտի պատասխանատուներին առանձին հանձնարարականներ է տվել հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի տարածքները, որտեղ իրականացվելու են քիմիական պայքար, անասնապահներն իրենց անասունները հեռու պահեն այդ վայրերից: Իսկ այն անձինք ովքեր էլ օգտվում են այդ տարածքների բուսականությունից, մի առ ժամանակ զգուշանան: Մեղվաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսները ևս պետք է մեղվափեթակները հեռու պահեն այդ տարածքներից:
Անդրադառնալով հակահրդեհային պաշտպանության նախորդ տարվա արդյունքներին՝ Ժ. Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ անցած տարի հանրապտությունում շուրջ 70 հա գարնանացան և աշնանացան ցանքատարածքների կորուստ է գրանցվել:
Նա հավելել է. «Մենք մի քանի տասնյակ հազարավոր հա հրդեհի դեպքեր ենք ունեցել բնական կերհանդակներում, արոտներում և խոտհարքերում, որի վնասները չափազանց մեծ են, ինչպես անասնապահության ոլորտում, որպես կերի հիմնական աղբյուր, այնպես էլ՝ բնապահպանական: Սկսելու ենք համագործակցությունն էլ ավելի սերտացնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ սահմանելով հանրային ուժեղ վերահսկողություն»:
Ժ. Միրզոյանը վերահաստատել է կառավարության այն դիրքորոշումը, որ հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից: Կառավարությունը հետամուտ է լինելու բացահայտելու մեղավորներին, ովքեր էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության:Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարարության ոլորտի պատասխանատուներ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համապատասխան տեսչության ներկայացուցիչներ, ովքեր հանդես են եկել առաջարկներով ու հարցերով: