Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորագավիթի մաքսատանը գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այս օրերի թոփ թեմային` Ազգային ժողովում տրանսգենդեր կնոջ ելույթին:
«Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են` իշխանության առջև հարց դնելով, թե էս ի՞նչ է կատարվում և այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015-ին Հայաստանի «ընտանեկան ավանդույթների պահապան» իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր` սեռը գրելով «արական»։ Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ առական սեռի մարդու անունը Լիլիթ է։ Էն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն տվել է անձնագիր` Լիլիթ Մարտիրոսյան անունով, այդ պահից նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով։ Երբ ես ՀՀԿ-ին ասում էի` դուք գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում։ Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է։ Ո՞ւմ են ինչի մեջ մեղադրում»,- ասաց վարչապետը:
Լրագրողների դիտարկմանը, թե, ՀՀԿ-ից բացի, նաև ԲՀԿ-ն է բողոքում, Փաշինյանը զարմացած հարցրեց` նրա՞նք ինչից են բողոքում: «Որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրե՞լ է ցուցակը։ Ես պետական պահպանության ծսռայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ, որը ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը, և դրանով մարդիկ ընդգրկվել են։ Երբ ես առաջին անգամ իմացա այդ մասին, միանգամից մտածեցի, որ լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ»,- ընդգծեց Փաշինյանն ու բոլորին հարց ուղղեց. «ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, ՀՀԿ-ականները, բարգավաճականները, պահպանողականները»:
Նա տարակուսանք հայտնեց նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արած հայտարարությունների մասով, որ կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը մեր երկրում: «Ես կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կմտածի` ընդհանրապես մարդու իրավունքների հանձնաժողովի իրենց ներկայացրած թեկնածուն արդյո՞ք համապատասխանում է անհրաժեշտ նվազագույն պայմաններին: Թե՞ ամբողջ հարցն այն է, որ կազմակերպել պրովոկացիա ու թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»,- շեշտեց վարչապետը: