Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Նա հրավիրվել էր Արթուր Այվազյանի` Մանախի և «Ելք»-ի համակիրների ընդհարման գործով, որպես վկա, ցուցմունք տալու:
Դատական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանաչում է տուժողին` Հայկ Սարգսյանին, քանի որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իրենց նախընտրական շտաբի պետն է եղել, ու նրա հետ, մինչև միջադեպը, ընկերական հարաբերություններ է ունեցել:
Ինչ վերաբերում է Արթուր Այվազյանին, ապա Փաշինյանը հավաստիացրեց, որ առաջին անգամ է հանդիպում նրան, թեև ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Այվազյանից նամակներ է ստացել։
Վարչապետը պատմեց, որ 2017-ի նախընտրական քարոզարշավի վերջին օրն ինքը տանն է եղել: «Երեկոյան 22։00-ի կողմերն էր, երբ զանգել են ինձ ու ասել, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Որքանով հիշում եմ, զանգահարողը ներկայումս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր։ Փորձեցի Հայկին զանգել, չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով ասացի՝ թող ինձ զանգեն: Զանգեցին ու ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի` արագ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ: Անմիջապես տանից դուրս եմ եկել, տեսել, որ իմ նկարի վրա ներկ են փչել: Ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա, ու հարցրել են՝ ո՞ւր է դրոշը, ո՞վ է տարել: Մի քանի քաղաքացիներ են եղել, ու նրանցից մեկն ասել է` տղաները հետ են պահանջել դրոշը: Դրոշը տանող քաղաքացիներից մեկը կամ քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին։ Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել է, հետո այդ անձը հանել է զենքը, ու հենց այդ պահին ներկաներից մեկն արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, ու զենքն ընկել է։ Երբ ես իմացել եմ, որ զենքն իրենց մոտ է, ասել եմ՝ ցույց տվեք: Ես զենքը վերցրել եմ` առանց դիպչելու, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, հետո «Ֆեյսբուք»-ով ուղիղ եթեր եմ մտել ու ցուցադրել զենքը, ցուցադրել՝ ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ», - մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է այն փաստին, թե ինչու Հայկ Սարգսյանն ուղիղ եթերում չի եղել, Փաշինյանը շեշտեց, որ նա հրաժարվել է ակնհայտ վնասվածքներ ունենալու պատճառով։ Նա նաև ասաց, թե չի հիշում` ինչպես է զենքը հանձնել ոստիկանություն։
«Եթե չեմ սխալվում՝ ոստիկանությունը ոնց որ չեկավ Տերյան հասցե: Ես գնացի դեպքի վայր, հետո Մալաթիայի բաժին ու, եթե չեմ սխալվում, այնտեղ եմ զենքը հանձնել», - ասաց նա, որից հետո լքեց դատարանի դահլիճը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին զինված հարձակում էր տեղի ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա։ Նույն օրվա գիշերը «Ելք» դաշինքի կողմնակիցների ու Մանախի միջև տեղի էր ունեցել ընդհարում: «Ելք» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը ճանաչվել էր տուժող: Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության (ՀՀ քրեական օրենսգիրք 258-րդ հոդվածի 2-րդ մաս) և ապօրինի զենք պահելու (235-րդ հոդվածի 1-ին մաս) համար: