կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 18:54
Քաղաքական

Իսրայելում հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Իսրայելում հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Մարտի 4-ից 6-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը և Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Իսրայելի Պետության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և մամուլի ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ Իսրայելի կառավարության Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ալոն Ուշպիցի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են նաև Իսրայելի ԱԳՆ  բազմակողմ, ՄԱԿ-ի, Եվրասիայի, պետական արարողակարգի, ռազմավարական և քաղծրագրավորման վարչությունների ղեկավարները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգն առավել զարգացնելու հնարավորությունները։

Մարտի 4-ին հայկական պատվիրակությունն այցելել է Յադ Վաշեմ Հոլոքոստի թանգարան և հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Իսրայել այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է հայ-իսրայելական ամենամյա մշակութային փառատոնի բացման արարողությանը:

Մարտի 5-ին տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի մի շարք հարցերի շուրջ: