կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 14:20
Հասարակություն

Թուրքիայում ներմուծվում է զինվորական ծառայության նոր համակարգ

Թուրքիայում ներմուծվում է զինվորական ծառայության նոր համակարգ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հրապարակել երկրում վճարովի զինվորական ծառայության համակարգում կատարվելիք փոփոխությունների մասին։ Բալըքեսիրում կայացած հանրահավաքի ժամանակ նա մասնավորապես տեղեկացրել է, որ վճարովի զինվորական ծառայությունը կդառնա մշտական և դրա համար կսահմանվեն քանակական որոշակի սահմանափակումներ։ Ընդ որում՝ վճարովի զինվորական ծառայության կարող է անցնել յուրաքանչյուրը՝ անկախ կրթության մակարդակից. տեղեկացնում է  Ermenihaber.am կայքը:

Էրդողանի խոսքով՝ երկրի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավորի շտաբն այս ոլորտում փոփոխությունների համատեղ նախագիծ են մշակել։

Ներկայումս բարձրագույն կրթություն ունեցողները ծառայում են 12 ամիս՝ որպես պահեստազորի սպա, կամ 6 ամիս՝ որպես շարքային զինվոր կամ սերժանտ։ Իսկ բարձրագույն կրթություն չունեցողները ծառայում են 12 ամիս՝ որպես շարքային զինվոր կամ սերժանտ։ Բացի այդ` ժամանակ առ ժամանակ արտերկրում բնակվող քաղաքացիների համար արտարժույթով վճարվող զինվորական նախագծեր են իրականացվում:

Նոր նախագծի համաձայն՝ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12-ամսյա պահեստազորային սպայական համակարգը կպահպանվի։ Բացի այդ` երկամյա մասնագիտական կրթություն ունեցողների համար կներմուծվի պահեստազորի ենթասպաների 12-ամսյա համակարգը։ 12 ամիս որպես պահեստազորի սպա և ենթասպա ծառայողներն իրենց երկամսյա կրթության ընթացքում կստանան կրթաթոշակ, իսկ մնացած 10 ամիսների ծառայության ընթացքում՝ աշխատավարձ։ 

Միջնակարգ կրթություն ունեցողները կարող են ծառայել բանակում 6+6-ամսյա ժամկետով։ Առաջին կես տարում նրանք կանցնեն մեկ ամիս վերապատրաստում և 5 ամիս ծառայություն։ Դրանից հետո ցանկության դեպքում կարող են զորացրվել կամ շարունակել ծառայել ևս 6 ամիս՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ։

Էրդողանը հավելել է, որ վճարովի ծառայության այս նախագծերի համար կսահմանվեն ծառայողների կոնկրետ թվաքանակներ՝ ըստ բանակի պահանջների, և վճարովի ծառայության համակարգը շարունակական կդառնա։ Նախնական փուլում տարեկան վճարովի ծառայություն կիրականացնի շուրջ 145․000 քաղաքացի։