Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեր բուհական տարկետումների համակարգը թերի է, ինչի պատճառով մի շարք անարդար դրսևորումներ են ի հայտ գալիս. «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա` բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսությունն արագ պաշտպանելը` զինվորական ծառայությանը հրաժեշտ տալու համար:
«Մենք նոր` «Պատիվ ունեմ» ծրագիր ունենք, ըստ որի` բուհական տարկետումը պետք է կապվի սպագա սպայական ծառայության հետ: Հավատարմագրված բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք կունենա դիմելու ծրագրին` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Բուհում սովորելուն զուգահեռ` 2-րդ կուրսի սկզբից յուրաքանչյուր շաբաթ օր նրանք կայցելեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան` զինվորական պատրաստության դասընթացին մասնակցելու: Այնուհետև բուհի դիպլոմ ստանալիս երիտասարդը նաև լեյտենանտի սպայական կոչում կստանա և 3 տարի ժամկետով կանցնի ծառայության ԶՈՒ-ում»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ այդպիսով` բարձրագույն կրթություն ստացած երիտասարդը կկարողանա ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը մատուցել հայրենիքին, միաժամանակ կապահովվի մրցունակ աշխատավարձ` ամսական առնվազն 260 000 դրամ: Բացի այդ` նախարարը տեղեկացրեց նաև, որ ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև կստանա լրացուցիչ ֆինանսական բոնուս, իսկ ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում կփոխհատուցվի նաև նրա մագիստրոսական կրթության վարձը:
«Նաև նախատեսում ենք հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած և միջազգային օլիմպիադաներում հաղթած ուսանողներին: Նրանց էլ կառաջարկենք սպայական պաշտոններում ծառայության անցնել, բայց արդեն` ռազմաարդյունաբերական համալիրում, և նրանց համար ոչ թե 3, այլ 5 տարով կլինի ծառայությունը: Ծրագրի կարևոր ակնկալիքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը. մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին պետք են հմուտ և առաջնագծում ծառայության անցած` պահեստազորի սպաներ»,- ասաց Սարգսյանը:
Այսպիսով, ըստ նրա, տարկետումը բանակից խուսափելու միջոցից կվերածվի բանակին արդյունավետ ծառայելու միջոցի, իսկ պետությունն էլ դրա դիմաց կառաջարկի փոխհատուցման շոշափելի փաթեթ: