կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 11:11
Տնտեսական

Ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն եւ գույքագրում. Ավինյան

Ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն եւ գույքագրում. Ավինյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը:

Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում: Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալը շուրջ 380 մլն եվրո  է կազմել: Նա նաև նշել է, որ կառավարության ներկայացրած զարգացման տեսլականը ներդաշնակ է ԵՆԲ-ի Հայաստանում գործունեության ռազմավարական նպատակների հետ, որոնք են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը և կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմումը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։