Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որն այսօր խորհրդարանի միջանցքում հայտնվել էր լրագրողների շուրջկալում, հայտարարեց` կառավարությունն իրենց կուսակցության կառավարությունն է, հետևաբար` ակնհայտ է, որ իրենք կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Նա նշեց, որ, անկասկած, իր գործընկերները նույնպես կիսում են այն մտահոգություններն ու տեսլականը, որ կան կառավարության ծրագրում:
Սիմոնյանն անկեղծորեն ասաց, որ զարմացած է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումից, թե կառավարության ծրագիրը պետք է նախապես քննարկեին ԱԺ խմբակցություններում, ապա նոր ներառեին լիագումար նիստերի օրակարգում:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասել էր, որ անգամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ընդդիմադիր խմբակցությունների հետ նախապես քննարկել է կառավարության ծրագիրը:
«Չեմ ուզում մեկնաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատաոճը: Քննարկումը հենց սա է: Ավելի քննարկում չեմ ընդունում, որովհետև կառավարությունն է քննարկման ներկայացնում ծրագիրը: ՀՀԿ-ն կամ Հովիկ Աբրահամյանը գուցե ստիպված են եղել շոյել մարդկանց ինքնասիրությունը, բայց մենք շարժվում ենք օրենքով: Այլ քննարկման ձև, քան սա՞: Փակ դռների հետևում, երբ ինչ-որ բաներ են քննարկվում, խոսք տրվում… Առաջարկներ ունեն, թող անեն: Քննարկման փուլն այն է, ինչ հիմա տեղի է ունենում: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գնալ այս կուսակցության հետ կուլիսային պայմանավորվածության: Պարտադիր է` գնանք նրանց սենյակներում նրանց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի, դու քվեարկի կամ ելույթ մի' ունեցիր, հարց մի' տուր, մենք հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Yerkir.am-ի հարցին, թե այդ հանդիպումների ժամանակ գուցե այնպիսի առաջարկներ լինեին, որ իրենց շահերից էլ բխեին, Սիմոնյանն արձագանքեց. «Եթե կառավարության ղեկավարը համարի, որ որևէ առաջարկ ռեալ է (ի դեպ, մինչ այս պահը ես նման առաջարկ չեմ լսել), կարծում եմ` կհասցնի ներառել դա: Բայց մոռացեք, որ քննարկումները թաքուն են լինելու: Մոռացեք, որ պայմանավորվածություններ են լինելու: Ինձ համար ամենավատ օրինակը Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ համագործակցության օրինակն է: Այդպես չի լինելու: Այստեղ կքննարկեք, մի բան ես սխալ կասեմ, ժողովուրդը կտեսնի, դուք կտեսենք, կքննադատեք, բայց եկեք գնահատենք, որ վարչապետը երկու օր է` հաշվետու է լինում, լսում է, պատասխանում է: Սա է քննարկումը: Եկեք այլ տարբերակով առաջնորդվենք: Եկեք գնանք, փակվենք սենյակներում, ԲՀԿ-ի հետ բան պայմանավորվենք, դուք էլ հետաքրքրվեք` ի՞նչ պայմանավորվեցինք: Մտածեք, թե կարո՞ղ է դրա դիմաց լինի ինչ-որ պաշտոնների զիջում: Այսուհետ ամեն ինչ անում ենք բաց»:
Սիմոնյանը փարատեց նաև Մարուքյանի մեկ այլ մտահոգություն` կապված այն բանի հետ, թե կառավարության ծրագիրը Սահմանադրության խախտումով է ներկայացվել ԱԺ:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը, հիշեցնենք, ասել էր` քանի որ չկա կառավարության կառուցվածքը, 5 անգլուխ նախարարություններ կան, հիմա չգիտենք, թե ովքեր են այս ծրագիրն իրականացնելու: Այս կապակցությամբ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այդ անգլուխ նախարարություններն ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ, ու, այնուամենայնիվ, պատասխանատվությունը կրում է այս կառավարությունը»: