Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:
The Times of Israel-ը հիշեցնում է, որ երկրի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու մեջ: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուները վաճառել ադրբեջանական կողմին:
Խոսքը մինչև 2 կգ կշռով պայթուցիկ կրելու հնարավորությամբ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուի մասին է, որն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների առջև ցուցադրական թռիչքի ժամանակ Ադրբեջանի պահանջով որպես հարձակման թիրախ էր ընտրել հայկական ուժերը: Դեպքը տեղի էր ունեցել 2017 թ. ամռանը: Արդյունքում` Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թույլ չեն տա Aeronautics-ին անօդաչուները տրամադրել «գլխավոր A պատվիրատուին»՝ Բաքվին: Բացի այդ` դեպքի առնչությամբ հետաքննություն էր սկսվել:
Սակայն փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում: «Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին»,-նշված է Aeronautics-ի հայտարարությունում:
Իսրայելական կողմի որոշմանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը՝ դատապարտելով հայերի նկատմամբ «մահապարտ» անօդաչուների հարձակումների համար «կանաչ լույս» վառելու որոշումը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այսպիսով՝ Իսրայելն ընկերությանը թույլ է տալիս ԱԹՍ-ների ապօրինի փորձարկումներ իրականացնել Արցախի դեմ: