2018 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 11,2 տոկոսով կամ 2267 դեպքով. լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Ըստ նրա` 2017 թվականին եղել է հանցագործությունների 20 284, 2018-ին՝ 22 551 դեպք:
«Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է երկու հանցատեսակով`կոռուպցիոն բնույթի և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի ավելացումը: Եթե 2017-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2.5 անգամ՝ կազմելով 1353: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատի ավելացում տեղի է ունեցել մոտ մեկ քառորդ չափով. 2017-ին գրանցվել է 8102, 2018-ին` 10 112 սեփականության դեմ ուղղված հանցագործություն»,- ասաց Ղուկասյանը:
Նրա խոսքով` 2018 -ին բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 5,7 միլիարդ դրամի վնաս, իսկ 2017-ին այդ թիվը կազմել է շուրջ 735 միլիոն։