Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 24-ին 62-ամյա քաղաքացին մաշկաբանականի բակում սպառնացել է ինքնահրկիզվել, սակայն փրկարարներին հաջողվել է կանխել այդ փորձը: «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ը պարզաբանում է ներկայացրել դեպքի վերաբերյալ.«Սույն թվականի հունվարի 24-ին «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ քաղաքացի Գառնիկ Վարդանի Խաչատրյանը միջադեպից երկու շաբաթ առաջ դիմել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» բուժման նպատակով, հիվանդը մոտեցել է բժշկին և ներկայացրել է խնդիրները, որից հետո հիվանդին դրվել է նախնական ախտորոշում և ներկայացվել է բուժման համար անհրաժեշտ վճարման կարգը, ինչպես նաև հիվանդին տեղեկացվել է, որ պետական պատվերի ուղեգրի հնարավորության դեպքում անհրաժեշտ բուժումը կարող է տրամադրվել դրա շրջանակներում, որից հետո պացիենտը հայտնել է, որ չունի նշված ուղեգիրը:
Մեկ շաբաթ անց պացիենտը կրկին այցելել է կենտրոն և հայտնել, որ դիմել է պոլիկլինիկա, որտեղ ստացել է բուժում, սակայն դա իրեն չի օգնել և ցանկանում է բուժվել այստեղ և չի կարող ներկայացնել ուղեգիր, քանի որ չունի համապատասխան կարգ և անձը հաստատող փաստաթղթեր, որի հիման վրա իրեն պետության կողմից կտրամադրվի ուղեգիր: Բժիշկը կրկին հիվանդին ներկայացնում է բուժման և վճարման կարգը, որին իպատասխան հիվանդը ոչ վայել վարք է դրսևորել և հեռացել:
Եվս մեկ շաբաթ անց՝ հունվարի 24-ին հիվանդը մոտենում է կենտրոն, աղմուկ բարձրացնում, ներխուժում բժշկի սենյակ, իր վրա վառելիք լցնում և սպառնում, որ կինքնահրկիզվի: Դեպքին անմիջապես արձագանքել է կենտրոնի բուժանձնակազմը` տնօրենի գլխավորությամբ և կանխել այդ միջադեպը, որից հետո հիվանդը անմիջապես առանձնացվել է սենյակում և տեղի է ունեցել առանձնազրույց: Կենտրոնի ղեկավարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի վայր է անմիջապես հրավիրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Տնօրենի կողմից նաև կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ՝ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ և ներկայացվել է միջադեպը, որից հետո առաջարկվել է պացիենտին ժամանակավոր հոսպիտալացնել՝ մինչև ՀՀ առողջապահության նախարարությունը կկազմակերպի համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը բուժման համար: Հիվանդին այս ընթացքում կատարվել է համապատասխան հետազոտություններ և տարվում է համապատասխան բուժում:
Հիվանդի վերաբերյալ հստակ փաստաթղթային արձանագրում չկա, քանի որ հիվանդի կողմից չի տրամադրվել անձը հաստատող փաստաթուղթեր (նշում է որ անձնագիր և սոցիալական քարտ չունի), ուստի հիվանդության պատմագրում լրացված տվյալները նշված է այնպես, ինչպես ինքն է ներկայացրել»: