կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 13:58
Մշակույթ

Կյանքից հեռացել է Ռաֆայել Ջրբաշյանը

Կյանքից հեռացել է Ռաֆայել Ջրբաշյանը

96 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեսագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,– գրել է նա։

Ռաֆայել Ջրբաշյանն ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։

1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։