Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղնակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում «կարմրելուց». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին գլխավոր դատախազության հայտարարությանը՝ փաստաբանը նշեց, որ դատախազության որևէ ներկայացուցիչ չի եղել խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը։ «Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած` գլխավոր դատախազությունից կարծիք են հայտնում, որ դատական ակտն անօրինական է և բողոքարկելի»,- ասաց նա և հավելեց. «Նրանք պատասխանատու հայտարարություն են անում, որովհետև երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական, և վերացական դատողություններով խաղում են մարդկանց ճակատագրերի հետ»։
Փաստաբանի խոսքով` եթե դատախազությունը հանրությանը կներկայացնի գոնե մեկ ապացույց, որ Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը կմիջնորդի վարույթն իրականացնող մարմնին և կհորդորի իր պաշտպանյալին՝ հետ վերադառնալ կալանավայր։
«Զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե իբր Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կլքի Հայաստանի Հանրապետությունը և կտեղափոխվի Արցախ, իսկ Արցախն, ասում են, Հայաստան չէ, և որևէ մեխանզիմ չկա նրան այնտեղից հետ բերելու»,- ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: