կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-17 12:58
Իրավական

Որոշ գործերով դատական իշխանությունը գտնվում է գործադիրի ներբանի տակ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Որոշ գործերով դատական իշխանությունը գտնվում է գործադիրի ներբանի տակ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ի սկզբանե Մանվել Գրիգորյանի գործն այնպես ներկայացվեց, թե կատարվել է մի զազրելի հանցագործություն, որի արդյունքում նրա բոլոր հարազատները, զինակիցները, այդ թվում նաև` փաստաբանը, բավականին բացասական տպավորություն ստացան: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ այդ ամենի հետևանքով այս ընթացքում ոչ միայն Գրիգորյանի մտերիմներն ուրացան, հրաժարվեցին նրանից, նաև «նրա մտերիմ մարդկանցից մեկի շունն անգամ տանից փախավ»:

Ըստ պաշտպանի՝ թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, օբյեկտիվ քննություն պետք է գնա, և եթե անձը կատարել է այդ զազրելի հանցագործությունը, բնականաբար, դրա համար պետք է պատասխան տա: «Անցան ամիսներ, և մենք բազմիցս բարձրաձայնեցինք, որ, մեր կարծիքով, այն ուղղակի հնարովի մեղադրանք է, նման բան տեղի չի ունեցել: Իսկ հետո դրեցին մի մեծ «կաթսա» և մեջը փորձեցին լցնել Գրիգորյանի անձի հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: Զավեշտը հասավ նրան, որ նրա մերձավորներից մեկի նկատմամբ հարուցեցին քրգործ, մեղադրանք առաջադրեցին, ըստ որի՝ վերջինս 5 տարեկան հասակում ներխուժել է հարևանի հողամասը: Այսօր այդ քրեական գործը կա»,- ասաց Բաղդասարյանը՝ հրաժարվելով որևէ այլ տեղեկություն տրամադրել այս գործով, չասելով նաև, թե ով է քննում այս գործը:

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ պաշտպանը նշեց, որ նա դանդաղ մահանում է: Բաղդասարյանի հավաստմամբ՝ իրենք քանիցս բարձրաձայնել են, որ անձը տառապում է տասնյակից ավելի հիվանդություններով, որոնք անհամատեղելի են նրա՝ ազատազրկված լինելու հանգամանքի հետ:

«Հարգելի' պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ հանձնարարել, որպեսզի ստուգեն՝ Մանվել Գրիգորյանն ի՞նչ հիվանդություններ ուներ, և ի՞նչ վիճակ է այժմ նրա մոտ: Բացի այդ՝ թող ստուգեն և Ձեզ զեկուցեն՝ արդյո՞ք կան հիմքեր, որպեսզի Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրել: Եթե նման հիմքեր կան, ուրեմն ես՝ որպես փաստաբան, ստախոս եմ, իսկ եթե չկան, ապա նրա նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում, և նա գտնվում է պատանդի կարգավիճակում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ պետք չէ մոռանալ նաև, որ Գրիգորյանը Արցախի հերոս է:

Փաստաբանի հավաստմամբ՝ սույն քրեական գործի հետ կապված բացարձակ աղերս չունի Գրիգորյանին կալանքի տակ պահելը: Նա նշեց նաև, որ օրերս միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի գրավի միջոցով խափանման միջոցը փոխվի, սակայն դատարանը, ըստ Բաղդասարյանի, առանց հիմնավորումների մերժել է միջնորդությունը: «Եթե  մենք նույնականացնում ենք այսօրվա այն հայտնի քրեական գործերը, որոնց արդյունքում, բացի Գրիգորյանից, բոլորն արդեն իսկ ազատության մեջ են, ունենում ենք պատկեր, որ այսօր արդարադատությունը ևս ընտրովի է` նայած, թե ում է այն վերաբերում: Դատական իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Դատական իշխանությունն այսօր, մեղմ ասած, անկախ չէ, որոշ գործերի հետ կապված` ուղղակի կախված է, և որոշ գործերով դատական իշխանությունը գտնվում է գործադիրի ներբանի տակ»,- ասաց Բաղդասարյանը:

Նշենք նաև, որ պաշտպանը հայտարարել էր՝ Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զինվորի սնունդը, հագուստը և մնացած այլ իրերն ապրիլյան պատերազմից հետո ևս 1 տարի մնացել են Արցախի պահեստում, իսկ վայրը, որտեղից առգրավել են այդ ամենը, ԵԿՄ պահեստն է եղել: 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: