Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Էջմիածնի մի շարք քաղաքացիներ դժգոհ են ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումից: Գրավի դիմաց նրան ազատ արձակելու լուրը ստանալուց հետո որոշել են փակել Էջմիածին քաղաքի մուտքը, որպեսզի Գրիգորյանը չկարողանա քաղաք մտնել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Երբ որոշումը համացանցում տարածվեց, ինքնաբուխ կերպով էջմիածինցիները քայլեցին դեպի քաղաքի մուտքը, որպեսզի արգելեն Մանվել Գրիգորյանի մուտքն Էջմիածին: Բայց նա չէր էլ պատրաստվում Էջմիածին գալ, ուղեկցությամբ պետք է գնար իր ամառանոցը»,- ասաց նա:
Գասպարյանի խոսքով` երբ քաղաքացիներին արդեն պարզ է դարձել, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածին չի եկել, գնացել է իր ամառանոցը, ակցիան վերածվել է նրա ազատ արձակման դեմ բողոքի: «Քաղաքացիները երեկոյան վերադարձան տուն, երբ իմացան, որ նա Էջմիածին մուտք չի գործելու` պայմանավորվելով, որ այսօր առավոտյան 10:00-ից հավաքվելու են Էջմիածնի հրապարակում: Այսօր արդեն ինքնաբուխ ակցիաներ են իրականացնում»,- ասաց քաղաքապետը:
Նա հայտնեց, որ այս պահին Էջմիածնում կան փակ խաչմերուկներ, և որ ոստիկանությունը վերահսկում է ամեն բան: «Ես պլանավորում եմ այն վայրերում, որտեղ կուտակումներ կան, շրջել և հասկանալ` ի՞նչ ենք անում հետագայում: Ամեն դեպքում ես համաքաղաքացիների կողքին եմ լինելու»,- ասաց Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Խափանման միջոց կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: