կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 13:05
Հասարակություն

Կարո՞ղ է հանկարծ պարզվի` անտառային տնտեսության գնդապետ կամ այսպիսի բաներ կան. կառավարության ուրախ քննարկումը

Կարո՞ղ է հանկարծ պարզվի` անտառային տնտեսության գնդապետ կամ այսպիսի բաներ կան. կառավարության ուրախ քննարկումը

Բնապահապանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստում կառավարության համաձայնությանը ներկայացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին 37.2 մլն դրամ գումար փոխանցելու մասին որոշման նախագիծը: Այդ գումարն, ըստ նախարարի պաշտոնակատարի, առաջացել է անտառային կոմիտեին տրամադրված գումարների տնտեսումից:

«Անտառային պահպանության գործառույթներն իրականացնում է 642 աշխատակից: Այս փոփոխության արդյունքում նախատեսում ենք  անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ որոշակի հագուստ տրամադրել անտառապահներին, որ անտառապահը տարբերակվի մյուս քաղաքացիներից, որոնք գտնվում են անտառում»,- ասաց Գրիգորյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց Գրիգորյանից` եթե հաստատեն համազգեստի ձևը, հետո կարիք չի՞ լինի կրկնակի գնում անել:

«Այս պահին համազգեստը ձեռք չենք բերում, գումարը փոխանցում ենք «Հայանտառ»-ին ընթացիկ խնդիրների լուծման նպատակով, և քանի դեռ իրավակարգավորումները չեն տրվել, համազգեստը չեն գնելու: Այսինքն` կրկնակի գնում չի լինի»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Առարկություններ ուներ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: «Սա ոնց որ թե ընթացիկ պարտավորություն ամրագրելու դասական օրինակի է նմանվում: Եթե մենք քննարկում ենք համազգեստի պահանջներ, տարբերանշաններ, հետագայում կառաջանա դրանք փոփոխելու պարբերականություն, հետևաբար` դրանից բխող հետևանքներ` արդեն այդ պարբերականությամբ: Ես որքան հասկացել էի, խոսքը վերաբերում էր աշխատանքային արտահագուստին, ոչ թե համազգեստին: Համազգեստը մեր հասարակությունում ընդունված է տարբերանշաններով, վաշտերով, գնդերով, հրամանատարներով և այլնով: Եթե այս ճանապարհով պետք է գնանք, ես առաջարկում եմ հիմա կանգ առնել, որովհետև եթե խոսքն աշխատանքային արտահագուստին է վերաբերում, լավ, բայց ոչ թե իրավական այնպիսի տեսք տրվի նախագծին, որ հանկարծ պարզվի անտառային տնտեսության գնդապետ կամ այսպիսի բաներ կան: Եկեք ձեռնպահ մնանք այդ մոտեցումից»,- ասաց նա:

Փաշինյանն էլ կատակեց. «Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք»:

«Երևակայությունս այդքան հերիքեց»,- իր հերթին կատակեց Ջանջուղազյանը, ինչն էլ հարուցեց կառավարության անդամների ծիծաղը:

Ջանջուղազյանը շարունակեց. «Եթե գործիք է ձեռք բերվում, մենք չենք սահմանում, չէ՞, որ այս գործիքը պետք է համապատասխամի այսինչ սահմանումներին: Հիմա քննարկումն է ուղղակի մի քիչ մտահոգիչ` եթե աշխատանքային արտահագուստ է, դրան այդպես վերաբերվենք, եթե որպես իրավապահ մարմնի հավակնություն ունեցող բանի ենք ուզում տանել, ապա …»:

Փաշինյանն ընդհատեց նրան. «Պարո'ն Ջանջուղազյան, անկեղծ ասած` այդ եզրակացության աղբյուրը չեմ տեսնում»:

Այստեղ պարզաբանում ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատարը: «Պարոն Ջանջուղազյանն իրականում ավելի պաշտաճ ձևակերպում տվեց: Այո, աշխատանքային հագուստի մասին է  խոսքը: Ուղղակի տարակարծություն եղավ, քանի որ կա նաև զուգահեռ իրավական գործընթաց, որը վերաբերում է անտառային ծառայությանը, և պարոն Ջանջուղազյանը կանգնեց գնդապետի ուսադիրների վրա, բայց եթե չեմ սխալվում, դրանով նույնիսկ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ են նախատեսվում»,- բացատրեց Գրիգորյանը:

Փաշինյանը զարմացավ. «Հա՞, լո՞ւրջ, լո՞ւրջ եք ասում, տենց բան կա՞ր»:

Կառավարության անդամները կրկին ծիծաղեցին:

Նախարարն էլ հավելեց. «Ես Ջանջուղազյանի հետ համաձայն եմ, բայց սա այդ դեպքը չէ, սա աշխատանքային գործիքի ֆունկցիա է իրականացնում»:

Ջանջուղազյանը նշեց, որ եթե այդ գործառույթն իրականացնելու համար հարկավոր է հատուկ արտահագուստ, որը մինչ այսօր ձեռք չի բերվել, նշանակում է, որ այլ ճանապարհներով են դրանք ձեռք բերվել: «Դա մենք չենք խրախուսում: Չի կարելի մարդուն այնպիսի աշխատանքային պայմանների մեջ դնել, որ ինքն իր գլխի ճարը տեսնի: Իմ դիտարկումը վերաբերում է «համազգեստ» բառին»,- ասաց նա:

«Կարծում եմ` Ջանջուղազյանն ավելի լավ կներկայացներ հարցը»,- ծիծաղելով ասաց Գրիգորյանը:

Փաշինյանը կատակեց. «Հիմա ձայնը Ջանջուղազյանին տա՞մ, թե՞ Ձեզ, պարո'ն Գրիգորյան»:

Գրիգորյանը պատասխանեց, որ հարցը բովանդակային կողմ ունի, և միշտ անտառապահներն ինչ-որ տեղերից զինվորական համազգեստ են ձեռք բերել: «Դա թույլ չի տալիս ապահովել անտառների պատշաճ պահպանություն: Այս փոփոխությունը պետք է զուգորդվի աշխատավարձերի փոփոխությամբ էլ, որպեսզի պատշաճ կատարվի անտառային պահպանությունը»,- եզրափակեց նա:

Ի վերջո, կառավարությունն ընդունեց որոշումը: