կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 20:24
Հասարակություն

ՀՌԱՀ-ը կոչ է անում «Կենտրոն» հ/ը-ին չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի

ՀՌԱՀ-ը կոչ է անում «Կենտրոն» հ/ը-ին չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՀԸ կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր:

Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից»: