կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 14:25
Քաղաքական

Ինձ համար մերժելի է Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հետ խոսելու տոնայնությունը. Ալավերդյան

Ինձ համար մերժելի է Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հետ խոսելու տոնայնությունը. Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ հայտարարությունները միմյանց հասցեին: 

«Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները՝ լինի Հայաստանից Արցախ կամ Արցախից` Հայաստան,  երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ինձ համար մերժելի  են այդպիսի տոնայնությունը և բառապաշարը: Կարծում եմ, որ կային այլ միջոցներ»,- այսօր լրագրողներին ասաց Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հորդորեց կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին։

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ։

Անդրադառնալով Լևոն Մնացականյանի՝ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատմանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «նախևառաջ, ինչ էլ լինի, Լևոն Մնացականյանը և՛ զինվորների, և՛ պետական ու քաղաքական գործիչների մոտ մնալու է որպես գերագույն արժեքներով անձ, և ով էլ որ հիմա նշանակվի, պետք է, որպես մարտահրավեր, ձգտի այդ մակարդակը պահել»։

Այս համատեքստում անդրադառնալով  Արցախի ղեկավարության փոփոխության մասին խոսակցություններին` նա նշեց, որ մինչ այսօր բոլորին Արցախը հայտնի է որպես օրինակելի չճանաչված պետություն, որտեղ ոչ մի զարգացում չի հակասում  միջազգային օրինական նորմերին, այլ դրանք տեղի են ունենում օրինական ընտրությունների միջոցով:

«Ցանկացած մեկը, որն ուզում է այս ավանդույթը խախտել, մեծ հարված կհասցնի Արցախի այս կերպարին և լեզու կդնի նրանց բերանը, ովքեր ասում են՝ Արցախն ինքնուրույն  չէ, կառավարվում է  այլոց կողմից: Եվ եթե Արցախի նախագահի այցը կապում են կադրային փոփոխությունների հետ, դա վտանգավոր քաղաքական հետևանքի մասին է խոսում, որ Արցախը ոչ թե ինքնուրույն է կառավարվում, այլ՝  Երևանից»,- խոսքն ամփոփեց Ալավերդյանը: