Լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Երևան` Արցախի որոշ պաշտոնատար անձանց աշխատանքից ազատվելու հետ կապված:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը
Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Բակո Սահակյանն իր աշխատանքային գրաֆիկով աշխատում է և Արցախում է:
Մեկ այլ հարցի, թե ունի արդյո՞ք տեղեկություն այն մասին, որ իրենց պաշտոններից առաջիկայում կհեռացվեն ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը, Բաբայանը պատասխանեց` ոչ, չունի նման ինֆորմացիա:
«Ցանկացած տեղեկության հաստատման համար, որպեսզի չլինեն շահարկումներ, պետք է պաշտոնական կայքէջում փնտրել այդ մասին: Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում ամեն ինչ զետեղված է: Մենք երբևէ հասարակությունից որևէ բան չենք թաքցրել: Եթե լինում է ինչ-որ պաշտոնանկություն, անպայման հրապարակում ենք»,- ասաց Բաբայանը:
Նշենք, որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում այս պահին պաշտոնանկությունների վերաբերյալ որևէ ինֆորմացիա չկա:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում աշխատանքից կազատվի նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի: