կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 13:21
Իրավական

ՀԱԷԿ–ում հայտնաբերված չարաշահումների մասով ձերբակալվածներ չկան. Գարեգին Բաղրամյան

ՀԱԷԿ–ում հայտնաբերված չարաշահումների մասով ձերբակալվածներ չկան. Գարեգին Բաղրամյան

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությանում հայտնաբերված չարաշահումների մասով ձերբակալվածներ չկան։ Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Ստուգումները ինչպես ԲԷՑ–ում, այնպես էլ ՀԱԷԿ–ում ու մյուս պետական ընկերություններում շարունակական են լինելու»,- նշեց նա՝ հավելելով, որ  ՀԱԷԿ–ում ուսումնասիրությունները շարունակվում են, վերլուծության արդյունքում համապատասխան մարմինները կներկայացնեն համապատասխան տվյալները։

Բաղրամյանը նաև հայտնեց, որ հրապարակված չարաշահումը վերաբերում է ընթացիկ նորոգման աշխատանքներին. բացի այն բանից, որ կայանի ժամկետը երկարաձգվում է,  ամեն տարի խոշոր նորոգում է իրականացվում է, երբ կանգնում է լիցքավորման։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել էր առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր:

Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ ձևակերպելով և ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ: