կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 12:40
Առանց Կատեգորիա

Այսօր սկզբունքային, ազգանվեր և պետականամետ ուժ է պետք մեր պետությանը

Այսօր սկզբունքային, ազգանվեր և պետականամետ ուժ է պետք մեր  պետությանը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Վանուշ Ահարոնյանը: 

-Ինչո՞ւ եք որոշել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

-Որովհետև իմ երկրում կան խնդիրներ, որոնց միայն բարձրաձայնումը բավարար չէ, պետք է նաև ամեն ինչ անել`  դրանք լուծելու համար։ Սակայն ի՞նչ կարող է անել մեկ անձ։ Իսկ ես մենակ չեմ, ունեմ գաղափարակիցներ, կուսակիցներ, ընկերներ, թիմ, և իմ թիմը ընտրեց հենց իմ թեկնածությունը. թեև դրված է իմ թեկնածությունը, ես ընդամենը թիմի ներկայացուցիչ եմ, իսկ ինձ հետ առաջնագծում են բոլոր այն մարդիկ, որոնք նախանձախնդիր են իմ կողմից բարձրաձայնվելիք տարբեր խնդիրների լուծման հարցում։ Այսօր ես առաջադրված եմ ԱԺ պատգամավորի թեկնածու, որպեսզի ներկայացնեմ այդ բոլոր մարդկանց ձայնը։

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Խնդիրները, իրոք, շատ են՝  անվտանգության, տնտեսական, սոցիալական, արտաքին հարաբերությունների, հայապահպանության, պահանջատիրական և այլն, որոնք ցայսօր բարձրաձայնվում են Դաշնակցության կողմից, որոնց լուծմանը մշտապես իր նախաձեռնող մասնակցությունն է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Այս հարցերի լուծման գործում ՀՅԴ-ն ունի իր հստակ և սկզբունքային ուղեգիծը, և անկախ այն բանից, թե որ ուժը պետք է լինի մեծամասնություն, պարտավոր է հաշվի նստել Դաշնակցության կարծիքի հետ։ Ես անձամբ, հենվելով մեր կուսակցության կողմից որդեգրված սկզբունքային քաղաքականության վրա, ներկայացնելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող բնակչության, ուսանողության և մարզաշխարհի շահերը (խմբ.- Ահարոնյանը մուայթայ մարզաձևում Հայաստանի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր)։

- Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

- Մեր մեծագույն ցանկությունները կապված են Դաշնակցության ազգահավաք և հողահավաք ծրագրերի հետ, որոնց իրականացմանը նպաստելու համար  երդվել ենք կյանքով և պատվով։ Որովհետև մենք միշտ մաքուր ենք եղել մեր ազգի, պետության և ինքներս մեր առաջ։ Որովհետև այսօր հենց այդպիսի սկզբունքային, ազգանվեր և պետականամետ ուժ է պետք մեր պետությանը։

Տեսեք` Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որի գործունեությունն ամբողջ գոյության ընթացքում ուղղված է եղել ազգային և հետագայում նաև պետական շահերի պաշտպանությանը։ Ու թեև մի շարք հակահայկական և հակադաշնակցական նպատակներ հետապնդող ուժերի կողմից ջանքեր չեն խնայվում մեր պատմության կեղծման և տարբեր այլ զեղծարարությունների համար, միայն մենք ցայսօր կայացած այն միակ քաղաքական ուժն ենք, որ կարող ենք պատասխանել, սկսած 1890թ.-ից, մեր ամեն ձեռնարկած քայլի համար և դիմանալ բոլոր քննադատություններին։ Օրինակ` այսօր որոշ ուժեր փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել ՀՅԴ վերջին տասը տարվա գործունեությունը՝ ոչ համոզիչ, չհիմնավորվող մեղադրանքներով, բայց տեսեք` այսօր պետական ուժային մարմինների կողմից կատարված տարբեր  բացահայտումներից ոչ մեկը կապված չէ մեր անվան հետ, և վստահ եմ, որ միշտ էլ այդպես է լինելու։  

Մ.Մ.