կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 14:02
Առանց Կատեգորիա

Դաշնակցությունը կայուն պետականամետ և հայաստանամետ է` անկախ հանգամանքներից և իրավիճակից

Դաշնակցությունը կայուն պետականամետ և հայաստանամետ է` անկախ հանգամանքներից և իրավիճակից

ՀՅԴ վարկանիշային ցուցակով ԱԺ խորհրդարանական ընտրություններում թեկնածու առաջադրված Նունե Պետրոսյանը ծնվել է 1968-ին: Ավարտել է Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրան: Աշխատել է Վայքի բուժմիավորում ՓԲԸ-ում` որպես մանկաբույժ-նեոնատոլոգ, Վայքի ավագանու անդամ է եղել, աշխատել է Երևանի  քաղաքապետարանի թիվ  19  պոլիկլինիկայում` որպես   փոխտնօրեն, 2016թ.-ից մինչ օրս` ՀՀ ԲՍՓ գործակալության մանկական մասնագիտացված ԲՍՓՀ նախագահն է:

Yerkir.am-ը զրուցել է Նունե Պետրոսյանի հետ ընտրապայքարի, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:

 

- Տիկի´ն Պետրոսյան, ինչո՞ւ եք որոշել ՀՅԴ ցուցակով առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու:

- Դեռևս 2000-ից լինելով ՀՅԴ անդամ` մշտապես ակտիվ գործունեություն եմ ցուցաբերել մեր երկրում դրական փոփոխությունների, պետականության ամրապնդման, հզորացման գործում: Լինելով բժիշկ և 4 երեխաների մայր՝ հետամուտ եմ եղել ապագա սերնդի, ապահով երկրի կերտմանը : Այսօր մեր երկրում առկա` փոփոխված իրավիճակն ավելի է պարտադրում մասնակից լինել ծավալվող գործընթացներին, և ամենակարևորը մասնակցությունն է առաջիկա ԱԺ ընտրություններին:

-  Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Դաշնակցությունը մշտապես հետամուտ է լինում իր ուղեգծին և ծրագրերին: Դաշնակցությունը կայուն պետականամետ և հայաստանամետ է ՝անկախ հանգամանքներից և իրավիճակից: Դաշնակցության մարտահրավերներն ուղղված են լինելու հայի տեսակի, հայ ավանդական ընտանիքի, հայ եկեղեցու, Հայաստան -Սփյուռք կապի, ազգային գաղափարների, արժեհամակարգի պահպանման գործին: Աշխատելով առողջապահական կազմակերպություններում, սոցիալական ոլորտում, կրթական և մշակութային հարցերին առնչվելով, քաջատեղյակ լինելով երեխաների և կանանց հիմնախնդիրներին, սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող ընտանիքների խնդիրներին` ընտրվելու դեպքում օրենսդրական մի շարք առաջարկություններով եմ հանդես գալու ԱԺ-ում:

-  Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, քաղաքական ուժերի համար դժվար կլինի համոզել ընտրողին, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

- Դաշնակցությանը երբևէ բաժին չի ընկել վայելքների ինչ-որ ժամանակահատված, և բոլոր ջրբաժաններում էլ պայքարելու պատճառներ ու առիթներ ենք ունեցել: Դաշնակցությունը ստեղծված իրավիճակում պատրաստակամ է ամեն ինչ անել այս շարժման ցանկալի արդյունքին հասնելու համար և իր անփոխարինելի դերն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքական ուղղվածության գործում: Հայաստանի հզորացմանը, հայապահպանությանը, աղքատության հաղթահարմանը, հարկային խելամիտ քաղաքականությանը, սահմանամերձ շրջանների ապահովմանը, կյանքի որակի բարձրացմանը, Արցախի խնդրի հաջողմանը ուղղված հարցերում Դաշնակցությունը, անհրաժեշտ կադրային ռեսուրսները և Սփյուռքի պոտենցիալն օգտագործելով, պետք է վստահության քվեների արժանանա: Ամենակարևոր մեխն այն է, որ Դաշնակցությունն այս բոլոր լուծումները պետք է ապահովի պետության անմիջական մասնակցությամբ և օրենքների փոփոխությամբ: Լիբերալ տնտեսության զարգացումը, օտար արժեհամակարգի ընդունումը մեր երկիրը չեն կարող դուրս բերել այս վիճակից: Կարևոր է նաև, որ ՀՅԴ -ն մեկ անձի շուրջ չի ձևավորվել:

- Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում: Որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

-  Անկասկած է, որ Դաշնակցության ներկայությունը խորհրդարանում կարևոր է. Դաշնակցությունն է այն միակ կուսակցությունը, որը սոցիալիստական գաղափարախոսության կրող է, ի տարբերություն առաջադրված մյուս կուսակցությունների, որոնք լիբերալ տնտեսության զարգացման կողմնակիցներ են: Այդ պատճառով ճիշտ չէ ԱԺ-ում` և´ իշխանության, և´ ընդդիմության մեջ, նույն ուղղությունների ներկայությունը: ՀՅԴ-ն ներկայացված է աշխարհի 30-ից ավելի երկրներում, այլ երկրների խորհրդարաններում: Ներկայացված լինելով Սփյուռքում` միայն Դաշնակցությունն է, որ կարողություն ունի ողջ հայության ներուժը ծառայեցնել ի նպաստ հայոց պետականության հզորացմանը: ՀՅԴ պլատֆորմի հիմնական շեշտադրումը լինելու է սոցիալական արդարության, ազգային հարստության արդարացի բաշխման, երկրում աղքատության հաղթահարման, երիտասարդ սերնդի արժանապատիվ ապագայի կերտման ուղղություններով:

Մ.Բ.