կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 20:46
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Զոհրաբ Մնացականյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը: Հարցին, թե արդյո՞ք մոտ ժամանակներս նախատեսվում է հանդիպում իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.

«Ինչպես գիտեք, այս պաշտոնին նշանակվելուց հետո, արդեն հունիսին, ես աշխատանքային այց կատարեցի Մոսկվա, որտեղ ես և իմ գործընկերն արդյունավետ հանդիպում ունեցանք։ Մենք ունեցել ենք և  այժմ էլ ունենք բավականին հագեցած օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Բնականաբար, պաշտոնական շփումների համար նոր հնարավորություններ կլինեն։ Բայց միևնույն ժամանակ, անցած վեց ամիսների ընթացքում մենք շփվելու շատ առիթներ ենք ունեցել , այդ թվում նաև միջազգային հարթակներում, լինի ՀԱՊԿ-ի կամ ՄԱԿ-ի շրջանակներում։ Անցած շաբաթ հանդիպեցինք Աստանայում։

Ես շատ եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը և արագ հասանելի լինելու հանգամանքը, ինչպես նաև նախարար Լավրովի փորձն ու գիտելիքները։ Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք համապատասխանում են մեր երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունների բնույթին»:

Այն հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է.

«Դուք հիանալի գիտեք, թե որքան հագեցած և դինամիկ է հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը՝ գիտությունից, մշակույթից, կրթությունից մինչև տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ և, իհարկե, ռազմա-տեխնիկական համագործակցություն: Առկա են համագործակցության կանոնակարգված ձևաչափեր, որոնք հնարավորություն են տալիս նախանշելու մեր դաշնակցային փոխհարաբերությունների խորացման նոր ուղղությունները: Մեր փոխգործակցությունն ամրապնդվում է նաև մեր անդամակցությամբ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև այլ բազմակողմ հարթակներում: Մեր միջև հաստատված են ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք կառուցվում են իրավահավասարության, փոխվստահության և փոխադարձ հարգանքի վրա»: