Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ. այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից:
ՀՀ գլխավոր դատախազությունից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց:
Եվս մեկ քրեական գործ հարուցվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն») ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս մեկ քրեական գործ է հարուցվել հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա։
Նշված բոլոր քրեական գործերով իրականացվում է նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից: