Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը` Akunq.net
Սայիթ Չեթինօղլու
«Գոյություն ունեն ճակատագրի արտասովոր շրջադարձեր: Եթե Լենինը Ռուսական կայսրությունը չքանդեր, ու Ռուսաստանը հասներ հաղթական օրվան, Ստամբուլը ռուսներինը կլիներ: Մարդ ուզում է ասել` գուցե Լենինի կիսանդրին Ստամբուլի մի անկյունում դնե՞նք»:
Ֆալիհ Ռըֆքը Աթայ (1)
Ընթերցողը կարող է ասել, որ Ֆալիհ Ռըֆքըի խոսքերը չափազանցված են, սակայն դրանք արտացոլում են իրականությունը: Կասկած չի հարուցում այն, որ Քեմալական շարժման ժամանակ սովետական օգնությունը շատ կարևոր էր, ինչպես նաև, որ թուրք-հունական պատերազմի ժամանակ հունական բանակի անգործության հետ մեկտեղ սովետական ֆինասնական ու ռազմական աջակցությունը ևս վճռական դեր է ունեցել: Չենք չափազանցնի, եթե ասենք, որ այդ ազդեցությունը այն հարցերից է, թերևս միակը, որի շուրջ պատմաբանները քիչ թե շատ համաձայնության են եկել: Ծնունդով Ստամբուլից պատմաբան ընկերս` Նեոկլիս Սարրիսը, որը վերջերս է մահացել, ընդունում է, որ Սովետական Միություն-Անկարա բարեկամությունը Մուստաֆա Քեմալի իրական փրկությունն էր (2) ու Թուրքիայի՝ առանց հողային կորուստի գոյության շարունակության գրավականը, և որ այդ «նոր պետության» ստեղծման համար նրանք պարտական են այդ բարեկամությանը(3): Նեոկլիս Սարրիսի ուսումնասիրությունների համաձայն, գրեթե երկու տարի քեմալականներին ցուցաբերված սովետական օգնության գումարը գերազանցել է Թուրքիայի տարեկան բյուջեն ու երկու տարվա ռազմական բոլոր ծախսերը: «Ինչ վերաբերում է ռազմական աջակցությանը, ապա միայն հետևակի ատրճանակների թիվը քեմալական շարժման ժամանակ օգտագործված ընդհանուր ատրճանակաների թվի ¼-ից ավելին է կազմել: Երբ Սաքարիայում պատերազմը սկսվեց, քեմալական բանակն ուներ 54,572 ատրճանակ: Մինչև նույն տարվա հուլիսի 28-ը Ռուսաստանը նրանց տվել է 30,083 ատրճանակ: Արդյունքում, Սաքարիայում թուրքական ուժերի օգտագործած զենքերի կեսից ավելին ռուսական էր: Միևնույն ժամանակ արևմտյան ճակատում (հույն-թուրքական ճակատ), քեմալական զորքի հետևակն ուներ 9 մլն փամփուշտ, քեմալական շարժման ողջ ընթացքում օգտագործվել է մոտ 10 մլն փամփուշտ: Մինչև հուլիսի 28 Ռուսաստանը տրամադրել է ևս 300 մլն փամուշտ: Այս թիվը կազմում է Թուրքիայի այդ ժամանակաշրջանում ունեցած զենքի կրկնակին։ Ինչ վերաբերում է ավտոմատ հրացաններին, ապա դրա 1/3-ը, ինչպես փամփուշտների 1/3-ն էր, ռուսական էր: Բացի այդ` 1921 թ. հոկտեմբերի 21-ին Տրապիզոնում թուրքերին է հանձնվել «Ժիվոյ» ու «Յուտիյ» անուններով ռուսական երկու կործանիչ: Վերջապես, պետք է նշել նաև, որ ռուսական օգնությունից բացի, ֆրանսիական բանակի` Ադանայից հեռանալուց հետո, քեմալական բանակին էր մնացել ևս 10000 ատրճանակ ու 1505 տուփ փամփուշտ: Մնացած ռազմամթերքը ռուսական ֆինանսական ու նյութական օգնության հետ մեկտեղ Ֆրանսիայից, հիմնականում Եվրոպայից էր գնվել: Նման առատաձեռնությունը հատուկ կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք, որ Սովետական Միությունն այդ ժամանակ պայքարում էր համակարգերի ստեղծման համար ու անցնում դաժան քաղաքացիական պատերազմի միջով»(4): Ռազմական օգնության մեջ ներառվել էր նաև 20000 հակագազ: Հավանաբար դա նրա համար էր, որ Թոփալ Օսմանի ավազակախումբը, ինչպես մնացած շրջաններում գործող ավազակախմբերը` իրենց շրջաններում, չտուժի Պոնտոսի հույն ժողովրդին «ծխի» տալու ժամանակ:
Իհարկե, պետությունների կամ կառավարությունների միջև բարեկամության կամ համագործակցության ժամանակ մեկը մյուսին ցույց տված ու ցույց տրվելիք նյութական ու բարոյական աջակցությունը տարօրինակ չի համարվում: Սակայն, աչքով տեսածներից հետո քննության չառնել, թե որտեղ և ինչպես է օգտնագործվում այդ օգնությունն ու այդպես տրամադրել դաշնակցին, չի տեղավորվում մարքսիզմի գաղափարախոսության մեջ: Անհասկանալի է այն, որ իր սեփական գերեզմանը իր իսկ ձեռքերով փորել տվող ու ողջ-ողջ մարդ թաղող կամ շոգենավի կաթսայում ածուխի փոխարեն կենդանի մարդ գցող և նման այլ ահասարսուռ գործերով ու գործադրված բռնություններով հայտնի ավազակախմբի ղեկավարին զինակից են կոչում։
Միություն ու առաջադիմություն կուսակցության ղեկավարության տակ Ջեմալ փաշայի հատուկ գործակատար, այնուհետև քեմալական ողջ ժամանակաշրջանում ռեժիմի ամենակարևոր դեմքերից մեկը եղող Ֆալիհ Ռըֆքըն այդ դահճի արարքները հետևյալ կերպ է նկարագրում. «Թոփալ Օսմանը մի օր գավառապետի վրա բարկանում է, նրա ձեռքին բրիչ է տալիս ու ասում. «Այստեղ մի փոս փորի’ր»: Երբ բավական խորը փորում է, ասումէ. «Մտի’ր մեջը»: Եւ գավառապետին թաղում է նրա իսկ ձեռքերով փորված գերեզմանում:
Մի անգամ էլ տեսնում են, որ ավազակախմբի ղեկավարն իր ավազակախբի անդամների կողմից կրակի մատնված տնից մոր դուրս գցած երեխային սառնասրտորեն գրկում ու կրկին դեպի կրակն է գցում: Նավի վառարանում ածուխի փոխարեն գցվածների պատմությունները երկար ժամանակ սարսռեցնում էին մեզ» (5):
Մանրամասները` սկզբնաղբյուրում: