կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-30 11:59
Մշակույթ

Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է. Ժերեմի Դելվեր

Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է. Ժերեմի Դելվեր

«Շառլ Ազնավուրն ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից  մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են, միշտ կմնա մեզ հետ», -«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը: Այդ մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

 Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել  Շառլ  Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո: Նա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնական հրավեր է ստացել` հոկտեմբերի 29-ին և 30-ին Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու համար: Ժ. Դելվերը «Հայկական վալսը» կկատարի մեծ երգչի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ֆրանսիացի երգիչը հուզված ու շնորհակալ է հրավերի համար: Նրա ձայնը համապատասխանել է երգին, այդ պատճառով էլ  Դելվերի ղեկավարը հենց նրան է ընտրել: Ֆրանսիացի  բարիտոնի  խոսքով՝ իրեն օգնել են Արմեն Շմավոնյանը  եւ Հիլդա Գեղամյանը:

«Հուսով եմ, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է»,- ասել է Դելվերը հավելելով, որ նաև շատ հայ ընկերներ ունի:

«Ես հավատում եմ, որ մի վայրկյանում կարող է փոխվել մարդու ճակատագիրը, համոզված եմ, որ Դելվերի ճակատագիրը ևս փոխվել է: Նա դարձել է աշխարհասփյուռ հայության սիրելին»,- ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ֆրանսիացի երգիչը երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում, ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը  Դելվերին հիշեցրել  է  Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է Գառնու տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել, որ չի հասցնի ծանոթանալ  հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա  օրերին Դելվերը  կմեկնի` արձակուրդներին կրկին վերադառնալու  ակնկալիքով: