կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-22 13:35
Քաղաքական

ՀՀԿ-ն կողմ չէ առաջարկվող ԸՕ-ին. Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ-ն կողմ չէ առաջարկվող ԸՕ-ին. Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի` ներկայացված փոփոխություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե' Վենետիկի հանձնաժողովի, թե' ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացություններն այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ»,- ասաց նա։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա գնահատական է տվել փոփոխությունների բնույթին։ «Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են, և կան այնպիսիք, որոնք քիչ էական են։ Հանձնաժողովի` խոշոր փոփոխությունների հետ կապված  դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան, ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ երկրի կամ որևէ անձի, որևէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ մշակած մոտեցումը։ Սա նորմալ է»,- նշեց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե համաձա՞յն է ՀՀԿ խոսնակի այն հայտարարության հետ, որ դաշինքով ընտրություններին մասնակցելը քննարկման թեմա է, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա ավելի ուշ շրջանի քննարկման թեմա է, մի շարք հանգամանքներից ու գործոններից է կախված»։