կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 16:14
Քաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ լինելը պատասխանատվություն է. Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ ԳՄ անդամ լինելը պատասխանատվություն է. Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ ԳՄ անդամ լինելը պատասխանատվություն է, դա նշանակում է ներկուսակցական որոշումների հետ կապված ավելի բարձր պատասխանատվություն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին խոստացավ, որ հետագայում կշարունակի պաշտոնավարել, արդյոք նրան էլ, հետագա պաշտոնավարման հետ կապված, խոստումներ տրվե՞լ են, նախարարը պատասխանեց. «Իհարկե` ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ` «հետագա պաշտանավարման հետ կապված խոստում» ձևակերպումն ինքնին կոռեկտ չէ: Նախագահի հայտարարությունը` վարչապետի հետ կապված, կառավարությանը կամ վարչապետին տրված վստահության քվեն է` նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որ այս կառավարությունը վերցրել է իր վրա»:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ կառավարության անկուսակցականների` ՀՀԿ-ական դառնալը հեղինակազրկեց նրանց, Հովհաննիսյանն արձագանքեց, որ կուսակցական դառնալը յուրաքանչյուրի որոշելիքն է: «Մեկնաբանությունները ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Բայց այլ հարց է` այն մարդը, որն անդամակցել է կուսակցությանը, կիսո՞ւմ է այդ տեսակետը, թե՞ ոչ»,- ասաց նախարարը և վստահեցրեց, որ ՀՀԿ-ական դառնալը Կարեն Կարապետյանին չի կաշկանդի բարեփոխումներ իրականացնելիս: