կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-19 11:16
Քաղաքական

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի հոկտեմբերի 24-ին

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի հոկտեմբերի 24-ին

ՀՀ վարչապետի ընտրության հարցին խորհրդարանը կանդրադառնա հոկտեմբերի 24-ին:

Համաձայն ՀՀ սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք  ունեն  առաջադրելու վարչապետի  թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում  է պատգամավորների ընդհանուր  թվի  ձայների մեծամասնությամբ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին: ՀՀ նախագահը նույն օրն ընդունել է կառավարության հրաժարականը: Հետևաբար, Ազգային ժողովի խմբակցությունները մինչև  հոկտեմբերի 23-ը վարչապետի թեկնածու առաջադրելու ժամանակ ունեն, իսկ դրան հաջորդող օրն արդեն տեղի կունենա վարչապետի ընտրության հարցի քննարկումը:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:

Քանի որ հոկտեմբերի 24-ը ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի օր է, վարչապետի ընտրության հարցին անդրադարձ կլինի հերթական նիստի ընթացքում: