կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 12:55
Իրավական

Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմելու համար հայց են պատրաստում

Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմելու համար հայց են պատրաստում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ իր փաստաբանները ՄԻԵԴ դիմելու համար հայց են պատրաստում` կապված Հայաստանի իշխանությունների կողմից իրեն առաջադրված` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ: 

Քոչարյանը նշել է, որ դրա համար երկրի ներսում հարկավոր է  անցնել բոլոր գործընթացները, և կան դեպքեր, երբ լինում է ակնհայտ ճնշում դատարանների վրա: «Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են արդեն այդ դիմումը»,- ասել է նա:

Քոչարյանն անդրադարձել է նաև ՀՀ ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցին` դա որակելով որպես պատմության մեջ չտեսնված մի բան:

«Այնպիսի սկանդալ էր, որից հետո առնվազն պետք է հրաժարականների շարք լիներ, սակայն բոլորը շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները, բոլորն իրենց բավականին հարմարավետ են զգում, շարունակում այն, ինչով զբաղվում էին: Չնայած այն բանին, որ բռնվել են հանցանք գործելու ժամանակ, սակայն շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները»,- ասել է նա:

Ըստ ՀՀ նախկին նախագահի` միայն այդ փաստը ոչնչացնում է քրեական գործը, որով նա անցնում է: «ՄԻԵԴ-ի համար այդ փաստը լիովին բավական է: Իսկ քրեական գործը շինծու է, այնտեղ ոչինչ չկա: Ես դա անվանում եմ իրավական աղբ, այլ խոսք հնարավոր չէ գտնել»,- ասել է Քոչարյանը: