Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետեւություններ է արել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում նա ասաց, որ Հայաստանը պետք է հույսը դնի իր վրա:
Զոհրաբյանի խոսքով՝ տեղի ունեցածում պատասխանատվության իր բաժինն ունի միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը չէր արձագանքում միջազգային նորմերի եւ իր իսկ ստորագրած փաստաթղթերի խախտմամբ` Ադրբեջանի սպառազինության փաստին" «Ալիեւը ռազմատեխնիկայի հետ ֆոտոսեսիա, սելֆի էր անում»,- նշեց պատգամավորը:
«ՌԴ վարչապետն էլ երեկ Հայաստանում հայտարարեց, որ հակամարտության կարգավորմամբ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե` ռազմական: Դրա համար, Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ն եւ ԵԱՏՄ անդամ Բելառուսը պետք է դադարեն Ադրբեջանին հարձակողական զենք վաճառել»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
Պատգամավորի համոզմամբ՝ ապրիլի 18-ին մեկնարկող` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունը պետք է ակտիվ ներգրավվի այս օրերին Ադրբեջանի վարձկանների կողմից կատարված ռազմական հանցագործություններին համապատասխան գնահատականներ տալու գործընթացին՝ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ որակելով:
Հարցին, թե այդ բոլոր մտավախությունները ԲՀԿ-ն չունե՞ր, երբ խորհրդարանում կողմ էր արտահայտվում Հայաստանի`ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագրին եւ դա կապում էր մեր անվտանգության խնդիրների հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ն ռազմական դաշինք չէ, չի կարող ապահովել անվտանգություն: Դա տնտեսական կառույց է, որի տնտեսական օգուտներն էլ, անկեղծ ասած, դեռ չենք տեսել: Արտաքին քաղաքական օրակարգի կոդերը եւ մեսիջները պիտի վերանայենք»:
Նա նշեց, որ այն ժամանակ դժվար էր կանխատեսել, թե Ալիևը ինչ քայլեր կաներ այսօր, դժվար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի: Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, թե քաղաքականության մեջ պետք է փոշմանելու կամ չփոշմանելու սկզբունքով առաջնորդվել, հիմա մենք պետք է հստակ վերանայենք մեր շեշտադրումներն ու ռազմավարությունները, արտաքին քաղաքականության կոդերն ու մեսիջները:
ԲՀԿ-ն կարծում է, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերի ֆորումին Հայաստանը չպիտի մասնակցի:
Անդրադառնալով Արցախում խաղաղապահներ տեղակայելու հարցին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցը մշտապես եղել է, այնպես չէ, որ դա նոր դետալ է: «Հակամարտության կարգավորումը միասնական փաթեթ է, և այդ փաթեթի մեջ խաղաղապահների տեղակայման խնդիր մշտապես քննարկվել է: Թե ինչպե՞ս է վերաբերվում «Բարգավաճ»-ը, դա քննարկման խնդիր է, որովհետև՝ ի՞նչ խաղաղապահներ, ո՞ր երկրի խաղաղապահներ»,- նշեց նա: