կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-27 19:37
Քաղաքական

Տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, այլ ոչ թե արտահերթ ԱԺ ընտրություններից. Աշոտյան

Տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, այլ ոչ թե արտահերթ ԱԺ ընտրություններից. Աշոտյան

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական պատվիրակության գրասենյակի քաղաքական բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նոր հարթակի ստեղծումը: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է անել հնարավորը հասարակության համար փաստաթղթի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու համար: Ընդգծվել է համաձայնագրի իրականացման հետ կապված նոր ճանապարհային քարտեզի հնարավորինս արագ ընդունումը, որը պետք է հիմնված լինի գործընկերության առաջնահերթությունների եւ 20/20 փաստաթղթերի հիման վրա: Կողմերը կարեւորել են մինչեւ 2019 թվականի մայիսին տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններն ավելի մեծ թվով երկրների կողմից համաձայնագրի վավերացումը: Վերջինիս կիրարկման համատեքստում զրուցակիցները նաեւ ընդգծել են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանն նշել է, որ Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից եւ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահը հավելել է, որ, ավաղ, կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իր խոսքում Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է ԵՄ համագործակցության համատեքստում ինստիտուտների եւ մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: