Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մի շարք հավատարմագրված` պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր են։
Նա նշեց, որ այդ դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, նաև բացասաբար են ազդում արտադրանքի վարկանիշի վրա։
«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ ու պարբերաբար գնահատումներ իրականացնող ընթացակարգերին, մեկամսյա ժամկետում հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում իրականացնել արտահերթ գնահատումներ ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս ոչ լիարժեք և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի վրա:
«Շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկը իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաները լիբերալիզացրել ենք, որպեսզի բիզնես անող մարդկանց հնարավորություն տանք, մյուս կողմից` մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևիցե երկրում դա մեր վարկանիշը չի գցում: Այստեղ վտանգ կա, հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,- ընդգծեց վարչապետը: