Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը և ողջունել «Թումո»-ի խորհրդի անդամների` մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով: «Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - ասել է վարչապետը:
«Թումո»-ի խորհրդի անդամները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծապես ոգևորել է սփյուռքահայությանը, և առկա է մեծ ցանկություն, շահագրգռվածություն և պատրաստակամություն` աջակցել հայրենիքին հաջողելու ժողովրդավարական բարեփոխումները, նոր թափ հաղորդելու տնտեսության զարգացմանը: Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների` Ալեքսիս Օհանյանի, Րաֆֆի Կրիկորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման և համագործակցության ուղղությունների վերաբերյալ, այն է` աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնային հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական և գործառնական հարցերով խորհրդատվություն տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում` ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության և առաջընթացի վերլուծության համար:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարները և առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք` ձևավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ: «Կառավարության համար առաջնահերթություն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը` հաշվի առնելով առկա մեծ ներուժը: Պատրաստ ենք ակտիվ համագործակցել և կոնկրետ աշխատանք տանել այս բնագավառն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը կնպաստի ընդհանրապես տնտեսական առաջընթացին, պետական կառավարման համակարգում և ընտրական գործընթացներում թվայնացման տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության բարձրացմանը», - նշել է կառավարության ղեկավարը:
Հանդիպմանը քննարկվել են ստեղծվելիք խորհրդի գործունեության ուղղություններին, աշխատանքային ձևաչափին, անդամների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Վարչապետի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել` համատեղ մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, ինչպես նաև մշտական կապի մեջ լինելու նպատակով ձևավորել առցանց շփման աշխատանքային հարթակ: