Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ:
Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ (տես ստորև):
Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար, սակայն ողջ ներուժով ամրապնդել են իմ քննադատության հիմքերը, այս անգամ, նաև իրավական դաշտում շրջաբերականի ապօրինի լինելու հանգամանքը ընդգծելով:
1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախարարի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին։
Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը հասցեագրված է ոչ միայն ՀՀ կառավարության անդամներին, այլև՝ Կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին, Վարչապետի ենթակա մարմինների ղեկավարներին։
2. Միևնույն ժամանակ հանձնարարականի տեքստում նույն հիմքով հանձնարարական է տրվում նաև վերոգրյալ մարմինների աշխատակիցներին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերոգրյալ օրենքը պահանջ նախատեսում է միայն փոխվարչապետերի և նախարարների համար, ընդ որում` խոսքը վերաբերում է միայն հրապարակային ելույթներին։
3. Ինչ վերաբերում է պետական մարմինների աշխատակիցներին, ապա վերջիններիս համար` որպես հանրային ծառայողների պարտականություն նախատեսված է միայն պահպանել քաղաքական չեզոքություն («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված), ինչը նշանակում է, որ բացի քաղաքական հարցերից նրանք ազատ են իրենց դիրքորոշումը հայտնել, հետևաբար չեն կարող պատասխանատվության ենթարկել իրենց արտահայտած կարծիքի համար։ Ընդ որում, կառավարության պատասխանում որպես պատասխանատվության հիմք նշված է իրավական տեսանկյունից նոնսենս հանդիսացող կարգը:
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակարգի 121 հոդվածի համաձայն, վարչապետի աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրությամբ հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համակարգի մարմիններին` անմիջականորեն կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Սակայան խնդրո առարկայի կապակցությամբ նման որևէ գրություն վարչապետի պատասխանին կցված չէ:
5. Վարչապետը չի պատասխանել նաև իմ հարցին, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից նման կարգ սահմանելու իրավասության հետ:
Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը ոչ միան սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության ազատությունը, այլև համահունչ չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին»: