կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-25 20:31
Իրավական

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկոմատից հափշտակել են 15 մլն դրամ

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկոմատից հափշտակել են 15 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղակայված, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից կատարված հափշտակությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացու:

Նախնական քննությամբ պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող, վճարային տերմինալից օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:14 ընկած ժամանակահատվածում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15 130 000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական պլան:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակությունն առերևույթ իրականացրած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

Նրանցից մեկը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

2018թ. օգոստոսի 20-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Գողոնը հայտնաբերվել է:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի՝ թվով 8 բանկոմատներից ևս:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է։