կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-31 12:46
Քաղաքական

Ինտենսիվ քննարկումներ են. Բալայանը՝ Խաչատուրովին փոխարինելու մասին

Ինտենսիվ քննարկումներ են. Բալայանը՝ Խաչատուրովին փոխարինելու մասին

Այսօր լրագրողները ՀՀ ԱԳՆ մամալո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Հայաստանը պնդելու է, որպեսզի Խաչատուրովին փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը, և ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ` հաշվի առնելով, որ նախկինում այդ գործընթացը վեց ամիս առկախված է եղել: Բալայանի խոսքով` Հայաստանը պնդելու է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը տեղի ունենա ՀԱՊԿ կանոնադրության և համաձայնագրի տառին և ոգուն համապատասխան: «Այս պահին ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում, թե ինչպես պետք է առաջ շարժվենք»,- նշեց նա:

Անդրադառնալով ռուսաստանցի փորձագետների և ՌԴ ԱԳՆ-ի` լրատվական խողովակներով Հայաստանի քայլից դժգոհելու փաստին, Բալայանն ասաց. «Անանուն աղբյուրների տեղեկատվությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է: Իրականում Ռուսաստանի հետ մեր գործընկերային հարբերություններն այն մակարդակում չեն, որ անանուն աղբյուրների մակարդակով շփվենք իրար հետ: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի շատ հստակ գործընկերային հարաբերություններ, հստակ հարթակներ և ուղիղ կապ` ցանկացած հարց քննարկելու համար»,- նշեց նա:

Ըստ Բալայանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման առաջարկով կարող էր հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը: «Իրողությունն այն է, որ դա մեր սուվերեն իրավունքն է` նախաձեռնել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը: Խաչատուրովը վեց երկրների կողմից նշանակված գլխավոր քարտուղար է, և տեսականորեն ցանկացած երկիր կարող էր առաջարկել սկսել այդ գործընթացը»,- ասաց նա: