կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 11:16
Քաղաքական

Մենք մեր կարողությունների և հզորությունների վրա բավականին վստահ ենք. Գաբրիել Բալայանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին

Մենք մեր կարողությունների և հզորությունների վրա բավականին վստահ ենք. Գաբրիել Բալայանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Որպես պաշտպանության նախարար` ասում եմ՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»»:

Այսօր Եռաբլուրում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Սահմանադրության 150-րդ հոդվածը պաշտպանության նախարարի վրա է դնում զինված ուժերի ղեկավարման պարտականությունը խաղաղ պայմաններում, և զինված ուժերի ղեկավարումը նաև ենթադրում է հրապարակային հայտարարություններ, որոնք ի պաշտոնե պետք է անի պաշտպանության նախարարը: Մենք մեր կարողությունների և հզորությունների վրա բավականին վստահ ենք: Մենք անգամ մեր զորավարժությունների ձևաչափն ենք փոխել, և այդ մեսիջները հստակ գնացել են, որ այլևս պահպանություն սահմանին չի լինելու, այլ լինելու է սահմանների պաշտպանություն, որը ենթադրում է նաև որոշակի մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, այսինքն՝ հակառակորդի թիկունք: Եվ սա առաջին անգամ չէ, որ ասվում է, մի քանի անգամ այս հայտարարությունն արվել է, այդ թվում՝ վերջին զորավարժությունների ժամանակ հարձակողական կոմպոնենտը մեր զինված ուժերի կողմից հաջողությամբ իրականացվել է, այդ սցենարներով գնացել է»:

Հարցին՝ արդյո՞ք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ Դավիթ Տոնոյանը կառավարության անդամ է և իրականացնում է կառավարության քաղաքականությունը: