կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 13:37
Քաղաքական

Ինչ-որ մարդկանց թվում է, թե մենք կատակ ենք անում. Փաշինյան

Ինչ-որ մարդկանց թվում է, թե մենք կատակ ենք անում. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով 2018թ. ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգվում է մինչև սույն թվականի օգոստոսի 11-ը ներառյալ:

Վարչապետը մի դիտարկում ուներ: Նա նշեց, որ հրապարակային քննարկվել է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ կապված անձանց զավակների` ժամկետային զինծառայության մեկնելու հարցը: Կա հարցադրում` արդյո՞ք այդ թեման ուսումնասիրվում է, թե՞ ոչ: Վարչապետը հաստատեց, որ այդ թեման ուսումնասիրվում է թե' ոստիկանության, թե' գլխավոր դատախազության, թե' ԱԱԾ-ի կողմից:

«Ես ցավով եմ արձանագրում, որ, որոշ նախնական բացահայտումների տվյալներով, զորակոչի ոլորտում մենք շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալի է, որ մեր նման երկրում կարող է այդ ոլորտում այդպիսի չարաշահումներ լինեն պաշտոնատար անձանց կողմից: Սա ուղղակի խայտառակություն է: Այդ ոլորտում մենք հետևողական ու շարունակական աշխատելու ենք` բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար: Զարմանալին այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան ասում-բարձրաձայնում ենք, բայց ինչ-որ մարդկանց թվում է, թե մենք կատակ ենք անում: Այդքանից հետո կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, արդյունքում` ձերբակալվում են, վերջում էլ ասում են` վայ, էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Որևէ մեկը թող չմտածի, թե մենք ինչ-որ կետում կանգ ենք առնելու: Պաշտոնապես հայտարարում եմ` կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Եվ ես կարևորում եմ, որ այսքան կոռուպցիոն մեխանիզմներ են բացահայտվում, բայց որևէ մեկի կողմից չի հնչել հայտարարություն քաղաքական հետապնդման մասին: Սա բացառիկ կարևոր արձանագրում է»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանում դատաիրավական համակարգը դրական վերափոխումներ է ապրում: