կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 11:09
Հասարակություն

Հայտարարություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի թափանցիկության ապահովման մասին

Հայտարարություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի թափանցիկության ապահովման մասին

Վերջին օրերին դարձյալ ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ հասարակական և քաղաքական քննարկումները, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ռազմավարական ծրագրից սպասվող մեծ ակնկալիքներով և վերցված վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հրամայականով: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով  (http://www.maroukhianfoundation.org/am/wp-content/uploads/2018/03/north-sought-road-refreshed.pdf)  վերլուծությունը, որի շրջանակում ուսումնասիրվել են շուրջ 4000 էջ փաստաթղթեր, և արձանագրվել են կազմակերպական, ֆինանսական, ժամկետային և որակական հարցերի վերաբերյալ մտահոգություններ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունն ապահովելու, ինչպես նաև մեր ամբողջական և խորքային հետազոտությունն ավարտելու նպատակով առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հանրայնացնել հետևյալ տեղեկությունները՝ տեղադրելով http://northsouth.am կայքէջում և պահպանելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.

  1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (1, 2, 3, 4 և 5 տրանշների) կառուցման տեխնիկատնտեսական նախագծերի բոլոր տարբերակների տնտեսական հաշվարկների, դրանք իրականացնող կազմակերպությունների, պայմանագրերի և ընդունման-հանձնման ակտերի մասին՝ սկսած 2007 թվականից,
  2. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունների կապալի պայմանագրերի, ընթացիկ վերահսկողական պայմանագրերի և ընդունման-հանձման ակտերի մասին,
  3. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող ենթակապալառու և մատակարար կազմակերպությունների մասին,
  4. Շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի արդյունքում ընտրված «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» (Տրանշ 1 և Տրանշ 2) և «Սինոհիդրո Քորփորեյշն» (Տրանշ 3) ընկերությունների նկատմամբ կիրառված տույժերի և արձանագրված թերությունների մասին՝ առ 26.07.2018 թ.,
  5. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները երկարացնելու պատճառների, դրանց ազդեցության չափի և դրանց հետևանքով առաջացած վնասների (տույժերի) մասին,
  6. 1-3 տրանշների ճանապարհամերձ տարածքների օտարման գործընթացում ձեռք բերված հողերի չափերի, տեսակների, արժեքների, դրանց տեղաբաշխման (քարտեզագրված) և առկա դատական վեճերի մասին: 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պատրաստակամություն է հայտնում իր մասնագիտական աջակցությունը տրամադրել բոլոր շահագրգիռ պետական մարմիններին և անձանց: