Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«5165 շարժումը» հայտարարությամբ է հանդես եկել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ։
«Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին:
Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:
Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել:
Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին:
Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:
Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին»: