կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 13:35
Իրավական

Արմեն Գևորգյանին կալանավորելու որոշում դեռ չի կայացվել. նիստն ընդմիջվել է

Արմեն Գևորգյանին կալանավորելու որոշում դեռ չի կայացվել. նիստն ընդմիջվել է

Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է ԱԱԽ նախկին քարտուղար, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի քննությունը:

Գևորգյանի փաստաբան Էրիկ  Ալեքսանյանը քիչ առաջ դուրս եկավ դատական նիստերի դահլիճից: Նա լրագրողներին հայտնեց, որ կալանքի որոշում դեռ կայացված չէ, դատական նիստն ընդմիջվել է մինչև ժամը 15:00-ն:

«Դատական նիստն ընդմիջվել է, որովհետև պաշտպանական կողմը պահանջել է լրացուցիչ նյութեր, որոնք հարկավոր են հետագայում որոշումը բողոքարկելու համար»,- ասաց Ալեքսանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Գևորգյանը ցուցմունք տվել է և իրեն մեղավոր չի ճանաչում: Փաստաբանը նշեց, որ Գևորգյանն արդեն լքել է նիստերի դահլիճը: Նաև ասաց, որ եթե խափանման միջոց ընտրվի կալանավորումը, իրենք միջնորդություն կներկայացնեն գրավով ազատ արձակելու մասին:

Կալանավորման որոշում կայացնելու դեպքում պաշտպանական կողմը վիճարկելու է որոշումը: «Վիճարկելու ենք հիմքերի առկայությունը, որովհետև գտնում ենք` հիմքեր առկա չեն` ընդհանրապես»,- ասաց Ալեքսանյանը և մեկ անգամ ևս հավելեց, որ Գևորգյանը ինչպես Սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ մնացած մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնել է` իրեն մեղավոր չի ճանաչում: