կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-27 17:12
Հասարակություն

Դեմոյանը վաղուց տնօրեն չէ, բայց օգտագործում է կառույցի սենյակն ու ավտոմեքենան. ԿԳ նախարար

Դեմոյանը վաղուց տնօրեն չէ, բայց օգտագործում է կառույցի սենյակն ու ավտոմեքենան. ԿԳ նախարար

Հայկ Դեմոյանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չէ, սակայն օգտագործել է տնօրենի սենյակն ու ավտոմեքենան. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի հնչեցրած մեղադրանքներին, թե նախարարը երեկ ներխուժել է իր առանձնասենյակը:

Նախարարը նշեց, որ դեռ 2017-ի դեկտեմբերին որոշում է  կայացվել, որ «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ, որի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետև` Գևորգ Վարդանյանը:

Հարությունյանը նշեց, որ Դեմոյանն անցած տարվա դեկտեմբերին մեկնել է երկրից, և երբ այս տարվա հունիս ամսին վերադարձել է Հայաստան, զավթել է տնօրենի սենյակը:

«Այս առումով ես չէի ուզում, որ աղմուկ բարձրանա, մանավանդ, որ առաջիկայում կլինի հոգաբարձուների խորհրդի նիստը, և կորոշվի նոր տնօրենի ընտրության ժամկետը: Դեմոյանին պարզապես զգուշացրել են, որ այն, ինչ անում է, հակաօրինական է, իսկ նախարարությունն ու իշխանությունը բոլոր իրավունքներն ունեն դիմելու իրավապահ մարմիններին՝ հակաիրավական գործողություններին վերջ տալու համար: Նա գրավել էր սենյակը, նիստեր էր գումարում, անձնակազմի անունից ուղերձներ հղում»,- ասաց նախարարը:

Խոսելով իր՝ թանգարան-ինստիտուտ այցի մասին՝ Հարությունյանը նշեց, որ ինքը ԿԳ նախարարն է և իրավունք ունի գնալու այնտեղ: Նախարարը մանրամասնեց, որ այդ սենյակում տեղի է ունեցել իր հանդիպումը փոխտնօրենի հետ: «Պարոն Դեմոյանը, ում այս ստատուսներից երևում է, ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում, սակայն փոխտնօրենների, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ոչ մեկ չի նշել որևէ խնդրի մասին: Պարոն Դեմոյանը փորձում է այս ամենից շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի, ինչպես չեն ստացվել նախկինում նրա բազմաթիվ սկանդալները»:

Անդրադառնալով Հայկ Դեմոյանի այն հայտարարությանը, թե կան աննախադեպ ցնցող ու խայտառակ փաստեր, որոնք չէր ուզի հրապարակել, ապա ԿԳ նախարարն ասաց, որ թե' փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, թե' ինքը մութ պատմություններ չունեն: Նախարարի գնահատականով՝ Դեմոյանը փորձում է այս ամենից շոուներ սարքել, ինչը նրա մոտ չի ստացվի:

Ինչ վերաբերում է Դեմոյանի գրառման վերջին հատվածին` «Մի բան էլ ասեմ. «լայվը» այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի: Դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ», ապա նախարարը նշեց, որ ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահվածք է, որը չի մեկնաբանի: «Անմակարդակություն է»,- ասաց նա:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև ակնարկել էր, որ ԿԳ նախարարը հովանավորյալ ունի, որի հետ 1998 թ.-ին չորս ամիս անցկացրել է  Դամասկոսում: Ի պատասխան ԿԳ նախարարը նշեց, որ, այո, 1998-ին ինքը Դամոսկոսում է սովորել, սակայն թող Դեմոյանը պարզաբանի, թե ինչ նկատի ունի:

Նշենք նաև, որ Դեմոյանը նոր գրառում էր կատարել՝ ԿԳ նախարարին հրավիրելով համատեղ ասուլիսի, սակայն, նախարարի խոսքով, այսքան անմակարդակությունից հետո չի կարող նման մարդու հետ որևէ շփում ունենալ:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է Դեմոյանի հետ անձնական որևէ խնդիր ունեն, Հարությունյանն արձագանքեց, որ նրան մեկ անգամ չի տեսել: «Ես մտահոգվելու որևէ խնդիր չունի: Այսօր արդեն դիմել եմ իրավապահ մարմիններին, որոնք կզբաղվեն այդ հարցով»,-խոսքն ամփոփեց Հարությունյանը: