Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նշանակվող մարզպետերի թվում կլինեն նաև ԲՀԿ-ականներ. խորհրդարանում լրագրողներին հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա չցանկացավ անուններ տալ և հստակեցնել` արդյո՞ք նախկին մարզպետերի վերանշանակումներ կլինեն: «Եկեք սպասենք վաղվան, թող անակնկալ մնա»,- ասաց նախարարը:
Իսկ թե ի՞նչ սկզբունքներով են ընտրել մարզպետերին, Պապիկյանը նշեց` ըստ արժանիքների: «Հիմքում դրել ենք այդ մարդկանց` նոր Հայաստանի տեսլականության հետ համապատասխանությունը, նրանց անցած քաղաքական ճանապարհը, կրթական և մյուս արժանիքները»,- ասաց նա, ապա հավելեց, որ մարզպետերը չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, զբաղվել բիզնեսով: Նախարարի խոսքով` պաշտոնյան պետք է իմանա, որ օրենքով սահմանված կարգով պետք է իր պարտավորությունները կատարի:
«Իսկ արդյո՞ք հնարավոր է մնացած` դեռևս չնշանակված 4 մարզպետն էլ ԲՀԿ-ից լինեն» հարցին ի պատասխան` Պապիկյանը ևս մեկ անգամ հորդորեց սպասել:
Նա բացառեց լուրերը, թե Լոռու մարզպետ կարող է նշանակվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը` Քրիստ Մարուքյանը: «Քրիստ Մարուքյանի թեկնածությունը չի քննարկվում, բացառում եմ, որ նա կլինի Լոռու մարզպետ»,- ասաց նախարարը:
Հարցին էլ` հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ մարզպետների վրա ի՞նչ պարտավորություններ են դրվելու, նա ասաց, որ նրանց դերը լինելու է չմիջամտել ընտրություններին և չփորձել ձայներ ապահովել: «Մարզպետը չպետք է լինի որևէ կուսակցության չգրանցված շտաբի պետ, այլ նրա դերակատարումը պետք է լինի այն, որ նման երևույթներ տեղի չունենան»,- եզրափակեց նա: