կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 14:31
Քաղաքական

ԱԱԾ-ն՝ «Երևան սիթի»-ներում

ԱԱԾ-ն՝ «Երևան սիթի»-ներում

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում այս պահին ՊԵԿ-ը հսկողական գործողություններ չի իրականացնում, տվյալ տնտեսվարողի մոտ գործողություններ է իրականացնում ԱԱԾ-ն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:

Հարցին՝ ինքը երկար տարիներ խոշոր հարկ վճարողների տեսչության պետն է եղել, ինչո՞ւ խոշորներին չէր բերում հարկման դաշտ, իր գործառույթները նորմալ չի՞ իրականացրել, նա պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, որ գործառույթները նրոմալ չենք իրականացնել: Իմ կարծիքով՝ հարկային մարմնի գործառույթներն ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչը, որ իրականացվել է ՊԵԿ-ի կողմից նախորդ տարիներին»:

Մաշադյանը նշեց, որ իրենց գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը ՀՀ-ում, որովհետև ցանկացած գործարք ՀՀ-ում եթե ճիշտ փաստաթղթավորվի, ապա վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, և մենք կունենանք հարկային եկամուտների էական աճ: Նա հավելեց, որ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում աշխատած ժամանակահատվածում իր բոլոր գործողությունները միտված են եղել այդ գործընթացի ապահովմանը:

«Իհարկե, 100 տոկոսանոց արդյունքի չենք հասել, և ընդհանրապես, աշխարհում չկա մի երկիր, որ ստվեր չունենա. մեր գրոծողությունները միտված են եղել ստվերի կրճատմանը»,- ասաց Մաշադյանը:

Հարցին էլ, թե արդյո՞ք խախտումներ կան, և ինչո՞ւ են խոշորները թիրախում, նա պատասխանեց, որ խոշորները պետք է լինեն թիրախում, որովհետև խոշոր հարկ վճարողները ապահովում են մեր հարկային եկամուտների շուրջ 80%-ը:

Իսկ թե ինչո՞ւ է հարցը հասել ԱԱԾ-ին, փաստորեն, տարիներ շարունակ մարդիկ հարկեր են թաքցրել, բարձիթողի վիճա՞կ է եղել, Մաշադյանը պատասխանեց, որ բարձիթողի վիճակ չի եղել: «ԱԱԾ գործողություններն այս պահին իրականացվում են այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «Երևան սիթիի» տարածքում գործել են որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ: Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել: Ես միշտ դա պայմանավորել եմ հարկման տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաև ԱԱՀ-ի գծով որոշակի ոլորտներին տրամադրված արտոնություններով»,- ասաց նա: