Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը բազմամարդ քայլերթ էր կազմակերպել Մատենադարանից մինչև Հանրապետության Հրապարակ: Բազմամարդ երթին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքի հայկական գաղթօջախներից ժամանած բազմաթիվ դաշնակցականներ, կուսակցության համակիրներ:
Քայլերթի մասնակցիները երթով շարժվեցին նախ Ազատության հրապարակ, որտեղ ելույթներ ունեցան Դաշնակցության ներկայացուցիչները:
«100 տարի առաջ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Սարդարապատում հայ ժողովրդի կատարած սխրանքը մեր պատմության մեջ նոր էջ բացեց: Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության նոր վերածննդի դարաշրջանի խորհրդանիշը հանդիսացան»,-իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ-ական գործչի խոսքով` դժվար է գերագնահատել անկախ պետականության դերն ու նշանակությունը ժողովուրդների` առավել ևս հայ ժողովրդի կյանքում:
«20-րդ դարասկզբին աշխարհաքաղաքական բարդ զարգացումների արդյունքում հայ ժողովուրդը կանգնած էր ոչ միայն իր էթնոքաղաքական, էթնոմշակութային ինքնությունը կորցնելու, այլև` ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ«,-ասաց նա:
Արսեն Համբարձումյանը վստահ է` Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի համար հրաշք էին, որին շատերը չէին հավատում: «Շատերը համարում էին, որ անկախությունն անժամանակ ծնունդ է, անգամ պետություն և անկախություն բառերը չակերտների մեջ էին վերցնում, բայց ի բարեբախտություն մեզ` այդ հոռետեսական կանխատեսումներն իրականություն չդարձան, որովհետև ՀՅԴ-ի քաղաքական ղեկավարությամբ և բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով անհնարինը դարձավ հնարավոր: Կարճ ժամանակահատվածում նորանկախ պետականությունը միս ու արյուն ստացավ, դրեցինք պետականաշինության ամուր հիմքեր»,-ասաց նա:
Արսեն Համբարձումյանի կարծիքով, եթե չլինեին այդ հիմքերը, չէին լինի նաև մյուս երկու հանրապետությունները: «Այս սխրանքի հիմքի վրա մենք հետագա տարիների ընթացքում կարողացանք իբրև ազգ, իբրև ժողովուրդ վերահաստատել մեր տեղն այս աշխարում»,- նշեց նա:
Ըստ ՀՅԴ-ական գործչի` յուրաքանչյուր ժողովրդի համար անկախ պետականությունը ինքնակազմակերպման բարձրագույն աստիճանն է:
«Հայաստանի հզորացումն ու զարգացումը պետք է լինի համայն հայության պատվի խնդիրը, անկախ պետականությունը մեր հպարտությունն է, և մենք տեր պետք է կանգնեք այդ հպարտությանը, որովհետև հակառակ պարագայում ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, ոչ ոք հարգանքով չի վերաբերի մեզ: Այս գիտակցությամբ, առանց զիջման պիտի շարունակենք զարգանալ»,-նկատեց նա:
ՀՅԴ-ի տոնական քայլերթը` Yerkir.am-ի տեսանյութում: