կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 23:07
Տնտեսական

Ֆրանսիացի գործարարները հետաքրքրված են հայաստանյան ներդրումներով

Ֆրանսիացի գործարարները հետաքրքրված են հայաստանյան ներդրումներով

Մայիսի 23–ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախարարության ղեկավար կազմը, քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարար Մինասյանը նշել է Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների գործունեության և նոր մեծածավալ ներդրումների հնարավորության կարևորությունը, դեսպանին ներկայացնելով համագործակցության ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման առկայությունը, հայտնելով բոլոր խնդրահարույց հարցրերի շուրջ բաց և առարկայական քննարկում ծավալելու պատրաստակամությունը։

Շնորհավորելով Արծվիկ Մինասյանին նշանակման և շնորհակալություն հայտնելով հանդիպման արագ նախաձեռնման կապակցությամբ՝ դեսպանը հատկանշել է նոր իրողությունների պայմաններում Հայաստանի նկատմամբ ֆրանսիացի գործարարների հետաքրքրությունը, անդրադարձել տնտեսական գործունեության և նոր ներդրումների խթանման համար լավ ազդակների առկայությանը, նշելով, որ այս գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ առաջիկայում Հայաստանում Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի /AFD/ գրասենյակի բացումը։

Նախարարը ողջունել է նման նախաձեռնությունը, համարելով, որ այն իսկապես նոր զարկ կտա տնտեսական երկկողմանի հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, Իրանի հետ Հայաստանը որպես կապող կամուրջ դիտարկելու հնարավորությանն ու այլ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Կրկին հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ կողմերը կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա հանդիպման, ինչպես նաև ձեռնարկություններ և տարբեր ընկերություններ այցելությունների մասին։