կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 18:05
Հասարակություն

Իրանի գործարարները հետաքրքրված են հայկական ձկով

Իրանի գործարարները հետաքրքրված են հայկական ձկով

Նախորդ տարվա օգոստոսին Սոչիի մաքսակետում Հայաստանից Ռուսաստան արտահանված թառափ տեսակի 200 կգ ձուկ էր ոչնչացվել: Ապրանքը պատկանում էր «Արարատ ֆորել» ընկերությանը: Ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրեն պատկանող ձկնատեսակի որակը ստուգված է եղել, որևէ խնդիր չի եղել, ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել, նաև` փաստաթղթային մասով:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ևս Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել էին, որ ընկերությունն ունեցել է համապատասխան թույլտվություն: ՍԱՊՏ-ից մեզ հայտնել էին նաև, որ դիմել են իրենց ռուս գործընկերներին, որպեսզի հասկանան, թե ինչն է իրականում խնդիրը:

«Արարատ ֆորել» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, հիշելով իր հետ կատարվածը,  նշեց` գուցե բարին էլ դա էր, քանի որ որոշվեց հին ռեեստրն ընդհանրապես վերացնել:

«Երկու ռեեստր կար` հին և նոր: Հիմա, փաստորեն, կուժն ու կուլան իմ գլխին կոտրվեց,  բայց Հայաստանի համար լավ բան եղավ, որոշեցին հին ռեեստրը ընդհանրապես վերացնել: Թողեցին միասնական մեկ ռեեստր: Այնտեղ նստածը չի կարող ասել, որ չի ուզում այդ ռեեստրը նայել, կամ էլ ասել` մեր մոտի ռեեստրն եմ ուզում նայել, իսկ ձեր ֆիրման այստեղ` մեր ռեեստրում չկա: Այս հարցում ինչ-որ իմաստով օգնություն եղավ: Իմ այդ դեպքը պատճառ դարձավ, որ խոսակցություն բացվի, և ռուսական կողմը հասկանա`իրենք են մեղավոր»,- ասաց Մանուկյանը` հավաստիացնելով, որ ռուսական կողմի նման վարքագիծը համապատասխան մարմինների կողմից պատժվել է:

«Իրենց վարչության պետերին, պետերի տեղակալներին են պատժել: Մեր վարչապետի մակարդակով զրուցներ են եղել այդ հարցերով: Վարչապետն ասել է` ինչի՞ եք սենց բաներ անում, լրիվ տեղը տեղին է, նրանք էլ խոստացել էին, որ իրենց աշխատակիցներին կպատժեն: Իմ ստացած ինֆորմացիայի համաձայն` մի քանի հոգու, մի քանի վարչության պետի ու տեղակալների գործից հանել են»,- ասաց ընկերության տնօրենը:

Նա հավելեց, որ իր մի քանի գործընկերներից դեռևս նեղացած է:  «Արտահանումը չեմ դադարեցրել, հիմա մի քանի պարտնյորներ կան, ուզում են, բայց ես իմ ապրանքը չեմ տալիս նրանց, որովհետև անշնորհք ձևով պահեցին իրենց` հասկանալով, որ ես ընդհանրապես մեղավոր չեմ, ինձ ֆինանսական տույժերի, տուգանքների ենթարկեցին: Ես էլ հետները վիճեցի, հիմա էլ նոր պարտյորների եմ ման գալիս: Ուզողներ շատ կան, բայց ռուսական ռուբլու վայրիվերումները թույլ չեն տալիս նորմալ աշխատել»,- ասաց Մանուկյանը:

Ի դեպ, նա համագործակցության առաջարկներ է ստացել նաև իրանական կողմից: «Իրանից մարդիկ  են եկել` երեք խումբ: Հետաքրքրվում էին, ու բանից դուրս է գալիս, որ մեր ձուկն իրենց հետաքրքրում է: Նմուշներ ուզեցին, պայմանավորվեցինք, թե ինչ ստանդարտներ պետք է պահվեն: Վերջին խումբը մոտ տասն օր առաջ է եկել, իսկ առաջին խումբը, որ եկավ, դեռ Իրանի դեմ սանկցիաները չէին հանել: Մեր շուկան նրանց հետաքրքրում է, գնային առումով է նպաստավոր»,- եզրափակեց մեր զրուցակիցը: